Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երկու մասշտաբային համերգ իրականացրեց Երերույքում և Արուճում

28-09-2021 10:22

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երկու մասշտաբային դասական համերգ իրականացրեց Երերույքում և Արուճում: Կազմավորման 10-ամյակի առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր առաջ նպատակ է դրել 10 բացօթյա համերգներ իրականացնել առավել քիչ ուշադրության արժանացած կոթողների տարածքում՝ ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավելու դեպի մեր երկրի գանձերը: Երերույքի եզակի տաճարում Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում անցկացվեց «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ: Այն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Համերգի մեկնարկին ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ով ներկաներին է փոխանցել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ողջույնի խոսքը: Եզակի այս կառույցում կայանալիք միջոցառմանը հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը: Համերգային ծրագրում Բեթհովենի, Պենդերեցկու,Կոմիտասի, Չթչյանի, Միրզոյանի, Հովհաննիսյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են: Նման մասշտաբի համերգ Երերույքում կայանում էր առաջին անգամ: Հաջորդ համերգը նվիրված էր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին․այն յուրատեսակ հարգանքի տուրք էր հայ երաժշտության ականավոր ներկայացուցչին: Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում անցկացվեց համերգ, որին հանդես եկավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն էին: Երկու համերգներն էլ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացան:

Lragir.am,
28-09-2021 10:22