Կարծում եմ՝ դա ակնհայտ է, ընթանում է տարածաշրջանի վերաֆորմատավորման գործընթաց․ Վրաց քաղաքագետ

Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն Սեպտեմբերի 27-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր միջնորդությունն է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին՝ նշելով, որ Թբիլիսին կարող է հարթակ դառնալ Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների համար: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը: Իրականում ամեն ինչ կախված է երկու երկրների կառավարությունների քաղաքական կամքից: Ցանկացած պատերազմ անպայման ավարտվում է խաղաղությամբ: Եւ քանի դեռ դա չկա, մարդիկ են մահանում, ինչն ամենացավալին է այս ողջ պատմության մեջ: Իմ կարծիքով, շանս կա, չնայած դա շատ ծանր ճանապարհ է, եւ մտածել, թե հնարավոր են հեշտ լուծումներ կողմերից որեւէ մեկի համար, չափից դուրս միամտություն է: Եկեք ուղիղ ասենք, եթե լինեն բանակցություններ, ապա թեկուզ փոքր, բայց շանս կլինի: Իսկ եթե բանակցություններ չլինեն, ապա որեւէ շանս չի լինի: Վերջին ժամանակներս հայ-վրացական հարաբերություններն ակտիվացել են: Ձեր կարծիքով, դա ինչո՞վ է պայմանավորված: Կարծում եմ՝ դա ակնհայտ է, ընթանում է տարածաշրջանի վերաֆորմատավորման գործընթաց: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս ի հայտ կգան բազմաթիվ փորձագիտական, միջկառավարական եւ տարածաշրջանային ֆորմատներ: Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանը հայտնվել է բազմաթիվ մարտահրավերների առջեւ, որոնց պետք է գտնել լուծումներ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
28-09-2021 00:43