Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ

28-09-2021 15:29

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՌԴ-ին մեղադրել է ՌԴ-Թուրքիա 2019թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները խախտելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլերը»: Աքարը, մասնավորապես, նշել է սիրիական Իդլիբ նահանգում վերջին շրջանում ակտիվացած ավիահարվածները: Ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն Սիրիայի հյուսիս-արևելքի տարածքները Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի կառավարական ուժերի միջև բաժանված են «պատասխանատվության գոտիների»: 2019 թ. Հոկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը վեց ժամ տևած բանակցություններից հետո ստորագրեցին 10-կետանոց փոխըմբռնման հուշագիր: Ռուս թուրքական հուշագրի համաձայն՝ Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում տեղակայվեցին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումներ: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին նաև համատեղ պարեկություն իրականացնելու վերաբերյալ:

Lragir.am,
28-09-2021 15:29