ՄԽ համանախագահները կվերսկսեն այցերը Երևան, Բաքու և Ստեփանակերտ․ Լավրով

28-09-2021 15:39

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները օրերս Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքան ես հասկանում եմ, նրանք համաձայնել են վերսկսել իրենց այցերը տարածաշրջան՝ տեղում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ զրուցելու համար: Նաև Ստեփանակերտում են հանդիպումներ նախատեսված»,- ասել է Լավրովը: Լավրովի խոսքով, հիմա Մինսկի խմբի գլխավոր խնդիրը նպաստելն է դրական միտումներին, որոնք ձեռք են բերվել եռակողմ հայտարարության շնորհիվ: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում ձեռքբերված կայունությունը պետք է ամեն կերպ ամրացվի՝ ապահովելով հայ և ադրբեջանական համայնքների գոյակցությունը և համագործակցությունը: «Հիմա ավելի հավակնոտ ծրագրեր չէի կառուցի», – ասել է նա:

Lragir.am,
28-09-2021 15:39