Իրականացվել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի գործնական  փուլը

28-09-2021 17:37

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատողների համար անցկացվել են եռօրյա գործնական պարապմունքներ: Պարապմունքները վարել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձառու մասնագետները: Ծրագրում ներառված էին գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ տեսական գիտելիքներն ամրապնդող գործնական պարապմունքներ և էքսկուրսիա գրադարանի բոլոր բաժիններով: Ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ: Հիշեցնենք, որ այս դասընթացների մասնակիցներն առցանց ձևաչափով անցել   են տեսական դասընթացի փուլը: Համավարակի տարածման կանխարգելման և արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ 2020 թվականից  ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրն անցկացրել է հեռավար ձևաչափով՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար: Ծրագրում ներառված էին գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան 12 թեմաներով: Դասընթացները վարել են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն անդրադարձել է ծրագրի իրականացման կարևորությանը և նշել, որ վերապատրաստման դասընթացների տեսական և գործնական փուլերի արդյունքում գրադարանավարների ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են ընձեռում տիրապետելու մասնագիտական նոր հմտություններին, արդի գործիքակազմի կիրառմանն ու աշխատաոճին: Դասընթացն անցած գրադարանավարները ստացած գիտելիքներն ու հմտությունները նաև կփոխանցեն իրենց գործընկերներին՝ նպաստելով գրադարանային գործի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը: «Ոլորտում վերապատրաստման ծրագրի անհրաժեշտությունը մեծ է, և մենք իրականացնում ենք այն փուլերով և մարզային ընդգրկվածությամբ:  Պահանջարկը միայն մարզային և համայնքային գրադարաններով չի սահմանափակվում. նմանօրինակ վերապատրաստման դասընթացներով  մշտապես  հետաքրքրված են նաև դպրոցական գրադարանավարները: Սա կարևոր ազդակ է, ինչը փաստում է ծրագրի պահանջվածության և արդյունավետության մասին: Հատկանշական է, որ պետական այս ծրագիրը լինելու է շարունակական՝ ընդգրկելով նաև մյուս մարզերի ու համայնքների գրադարանները»,- նշել է Ռուզան Տոնոյանը: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
28-09-2021 17:37