Տնտեսության վիճակը գնահատում եմ նորմալ, գտնում եմ, որ այս պահին տնտեսությունը վերականգնվում է շոկից

Մեր զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը Ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում դրամն արժևորվում է: Ինչ գործոններ են ազդում դրամի նման վարքագծի վրա: Նախ, դրամի փոխարժեքը մեզ մոտ իմպերատիվ չի թելադրվում և սահմանվում Կենտրոնական բանկի կողմից: Փոխարժեքը պայմանավորված է շուկայի առաջարկով և պահանջարկով և ինքը անընդհատ փոփոխվում է, մի օր կարող է մի քիչ արժեզրկվել, մյուս օրը մի քիչ արժևորվել: Հիմա այս պահին դրամի արժևորումն իր պատճառներն ունի, որը կարող է պայմանավորված լինել արտարժութային հոսքերի ավելացմամբ, տուրիստական հոսքերի որոշակի աշխուժացմամբ, սպասումներով: Այսինքն դա նորմալ պրոցես է, կարևորը, որ այդ տատանումները էական և շոկային չլինեն, ինչի համար Կենտրոնական բանկն ունի համապատասխան գործիքակազմ: Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանը կունենա 5,2 տոկոս տնտեսական աճ: Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարը խոսում էր երկնիշ տնտեսական աճի մասին: Որքանո՞վ է 5,2 տոկոսը ցանկալի ցուցանիշ, հնարավո՞ր է ունենալ ավելի մեծ տնտեսական աճ: Ընդհանրապես, ինչպես եք գնահատում ՀՀ տնտեսության վիճակը այս փուլում: Եկեք Ասիական զարգացման բանկի կանխատեսումը ոչ թե հակադրենք Էկոնոմիկայի նախարարի ասածի հետ, այլ փաստենք, որ նույն միջազգային կառույցները Հայաստանի համար կանխատեսում էին 1-1,5 տոկոս տնտեսական աճ, հիմա 5 տոկոս: Այսինքն մի քանի անգամ իրենց կանխատեսումը բարելավել են: Թե տարեվերջին ինչ աճ կունենանք, ժամանակը ցույց կտա: Կարծում եմ՝ կլինի 6 տոկոսի սահմաններում, միգուցե մի քիչ ավել, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն: Իսկ ընդհանուր առմամբ տնտեսության վիճակը գնահատում եմ նորմալ, գտնում եմ, որ այս պահին տնտեսությունը վերականգնվում է 2020 թվականի շոկից: Ինչով է պայմանավորված, որ ԿԲ-ն նորից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հաշվի առնելով, որ այն դանդաղեցնում է տնտեսական աշխուժությունը: Արդյոք գնաճի վտանգներն են պատճառը: Կենտրոնական բանկն այս տարի առաջին անգամ չէ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույթը բարձրացնում է, և այդ բարձրացման արձանագրության մեջ հստակ նշվում են պատճառները: Հիմնական պտճառը գնաճը կանխատեսելի և թիրախային միջավայր բերելն է: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը Կենտրոնական բանկի ամենակարևոր գործիքներից մեկն է, որով կարգավորում են գնաճը, բայց մյուս կողմից դրա չափից դուրս ավել բարձրացումը տնտեսական աճն է վնասում: Դրա համար այդ գործիքը շտ զգուշությամբ է կիրառվում: Այստեղ որևէ գաղտնի բան չկա. ԿԲ-ն կատարում է գների ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթը, բայց այդ գործառույթը կատարում է շար զգույշ, որպեսզի տնտեսական աճին հնարավորինս քիչ վնասի: ՀՀ կառավարությունը խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին: Շատերը մտավախություն ունեն, որ տնտեսական առումով այն կարող է ավելի շատ վնաս տալ Հայաստանին, քան օգուտ: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հնարավոր վտանգներից խուսափելու համար: Ես շարունակում եմ մնալ իմ տեսակետին, որ ապաշրջափակումը որպես այդպիսին, դրական է, բայց որքանով մեզ օգուտ կտա, կոնկրետ մենք ինչ կշահենք, հարևաններն ինչ կշահեն, ինչ պայմաններով կլինի, դա արդեն ձևավորված համապատասխան աշխատանքային խումբը երբ կներկայացնի կոնկրետ մեխանիզմներ, այդ ժամանակ ավելի հստակ հնարավոր կլինի խոսել: Կան տեսակետներ, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տնտեսությանը ռիսկեր են սպառնում, որովհետև մեր շուկան կարող է ողողվել կամ գրավվել այլ երկրի արտադրանքի կողմից: Սա իմ կարծիքով ընդունելի մոտեցում չէ, որովհետև նույն տրամաբանությամբ Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես պետք է փակ լիներ ցանկացած երկրի առաջ, որովհետև միշտ կա մրցակցություն և միշտ կա շուկան կլանելու ռիսկ: Ապաշրջափակումը մեզ կոնկրետ հնարավորություն է տալիս նախ էժանացնել և արագացնել մեր բեռնափոխադրումները, որոնք մեր արտահանման խոշոր խոչնդոտներից մեկն են, երկրորդ, ոչ միայն Հայաստանի շուկան է բացվում այլ երկրների առջև, այլ նաև այլ երկրների շուկաներն են բացվում հայկական ապրանքների համար: Մրցակցությունից վախենալ պետք չի, դա պետք է դիտարկել ոչ թե որպես բացասական գործոն, այլ հակառակը, որպես հնարավորություն և փորձել բարելավել սեփական արտադրանքի ու ծառայությունների որակը և նորանոր շուկաներ գրավել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
28-09-2021 17:55