Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

28-09-2021 19:54

Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն (նստավայրը՝ Մոսկվա) սեպտեմբերի 28-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Պերուի հետ հարաբերությունների զարգացմամբ: Իր հերթին Պերուի դեսպանը նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար կգործադրի առավելագույն ջանքերը: «Արմեն Ղևոնդյանը Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսին ներկայացրեց 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն ու կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցը` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:

Lragir.am,
28-09-2021 19:54