Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

28-09-2021 21:02

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում: «Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է: Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, շփվել եմ նաև հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Երկուսն էլ ինձ ներկայացրել են ֆեդերացիայի ծրագրերը: Գիտեի հայկական արմատներիս մասին, սակայն Արգենտինայում հայ համայնքի հետ սերտ կապ չեմ ունեցել: Հենց այդ պատճառով ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանամ նման կարևոր որոշում ընդունել: Սեպտեմբերին ընտանիքիս հետ քննարկելուց հետո կայացրեցի Հայաստանի հավաքականին միանալու որոշում: Այժմ ես խանդավառված եմ Հայաստանի ընտրանուն միանալու առթիվ: Տեղյակ եմ՝ թիմը լուրջ խնդիրներ է դնում իր առջև, և ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի միասին կարողանանք հասնել մեր նպատակներին: Ուրախ եմ, որ Հայաստան եմ գալիս այս կարևորագույն փուլում և հույս ունեմ հավաքականի հետ նոր բարձունքներ նվաճել»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ իր առաջին զրույցում ասել է Սելարայանը:

Lragir.am,
28-09-2021 21:02