Բավրայի անցակետում վնասազերծվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ սպանության մեջ կասկածվողը

28-09-2021 21:41

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ իրավապահները Հայաստանի սահմանը լքելիս Բավրայի անցակետում վնասազերծել են Երևանի բնակիչ, 29-ամյա Լևոն Սահակյանին: Վերջինը կասկածվում է այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով սպանություն և սպանության փորձ կատարելու մեջ: Սեպտեմբերի 28-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն է, իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն: Ոստիկաններն ու քննիչներն  պարզել էին սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է: Պարզվել էր նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել էր նաև ծեծկռտուքի:

Lragir.am,
28-09-2021 21:41