Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

28-09-2021 21:37

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իռնա» գործակալությունը, Խաթիբզադեն նշել է, որ թեև երկու երկրների միջև կան լավ և հարգալից հարաբերություններ, և երկու կողմերի միջև հաղորդակցման սովորական ուղիները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, զարմանալի է այդ ձևով արտահայտելը: «Այս և հարակից այլ հարցերի շուրջ լուրջ քննարկում է եղել Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Որոշվել էր այդ երկխոսությունը շարունակել հարմար հարթակում: Իրանը միշտ դեմ է արտահայտվել ցանկացած տեսակի օկուպացիային և ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման անհրաժեշտությունը: Միաժամանակ, բարիդրացիականության սկզբունքների պահպանումն այն կարևորագույն հարցերից է, որն, ակնկալվում է, որ հարևանների կողմից ուշադրության կարժանանա: Մեր երկրի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է, և ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում: Իհարկե, ակնհայտ է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը, և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար», ընդգծել է Խաթիբզադեն:

Lragir.am,
28-09-2021 21:37