Բանաձևը դա առաջին քայլն է, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ սկսվեն

Lragir.am-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Պարոն Գրիգորյան, երեկ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը: Ի՞նչ նշանակություն ունի այս փաստաթուղթը: Նախ սա շատ կարևոր փաստաթուղթ է, քանի որ ԵԽԽՎ-ն Եվրոպայում շատ ազդեցիկ կազմակերպություն է, ունի շատ մեծ քաղաքական ազդեցություն Եվրոպայի պետությունների կառավարությունների վրա: Բացի դրանից, ԵԽԽՎ-ն նույնիսկ կարող է սանկցիաներ կիրառել: Դուք հիշում եք դեպքը, երբ ռուսական պատվիրակությունը զրկվեց մանդատից, հետո հազիվ վերականգնեց: Ուրեմն, սա շատ լուրջ ինստիտուտ է: Պարզ է, որ այս բանաձևը շատ կարևոր է և Արցախի, և Հայաստանի համար հենց անվտանգային առումով: Դուք ասում եք՝ ԵԽԽՎ-ն կարող է սանկցիաներ կիրառել: Կոնկրետ այս բանաձևի դրույթները կյանքի կոչելու, օրինակ, հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու համար, կարո՞ղ են սանկցիաներ կիրառվել Ադրբեջանի դեմ: Իրենք չեն կարող ուղղակի ստիպել, նույնիսկ Ստրասբուրգի եվրոպական դատարանը, եթե պետությունը չի կատարում որոշումը, ոչ մի լծակ չունի ստիպելու, քան սանկցիաներ կիրառելը: Դրանից ուժեղ լծակ չկա: Շատ անգամ սանկցիոն քաղաքականությունն ավելի էֆեկտիվ է, խելոքացնում է պետություններին, եթե չեն խելոքանում, որպես պետություն՝ ճգնաժամի մեջ են ընկնում: Այս բանաձևը առաջին քայլն է, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ սկսվեն: Իրոք, բանաձևում մեզ համար շատ ու շատ դրական ու օբյեկտիվ ձևակերպումներ կան՝ Ադրբեջանի հանցագործությունների դեմ ուղղված: Այդ ձևակերպումներն այսօր վտանգ են հենց Ադրբեջանի համար: Օրինակ՝ եթե այս բանաձևից հետո գերիներին չվերադարձնեն, ես կարծում եմ, սանկցիոն քաղաքականություն կսկսվի: Ես հուսով եմ, որ հայկական կողմն աշխատանք տարել է այս բանաձևի ուղղությամբ, բայց այնտեղ կա զեկուցող, ով հայերից, ադրբեջանցիներից հավաքում է այդ ամբողջ ինֆորմացիան: Գլխավոր զեկուցողը պատգամավոր է Իռլանդիայից, չեմ թաքցնում, շատ լավ է, որ հենց հյուսիսային երկրից է նա, մեզ դա ձեռնտու է, այսպես ասած, խավիարային քաղաքականությունը դժվար թե կիրառվի: Բայց ես այնուամենայնիվ ուզում եմ երեք թերությունների մասին խոսել: Առաջին կետում ասված չէ, թե ով սկսեց պատերազմը: Դա անպայման պետք է շտկենք, ես մեր պատվիրակությանն առաջարկում եմ նախաձեռնել առանձին բանաձև՝ կապված հարցի հետ, թե ով սկսեց պատերազմը, ով է ագրեսորը: Այնտեղ միշտ պահանջում են փաստեր, իսկ երեկվա իր ելույթով Ալիևը մեզ աջակցեց: Ինքն ասաց՝ «մենք Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողությունը վերականգնելու համար գործադրեցինք ռազմա-քաղաքական մեթոդներ»: Ուրեմն, Ալիևը պարզ ասաց, որ դա պատերազմ էր, որն սկսեց Ադրբեջանը: Դա շատ կարևոր է, քանի որ կավելացնի հավանականությունը, որ սանկցիոն քաղաքականություն կիրառվի: Երկրորդ խնդիրն այն է, որ բանաձևում հավասարության նշան դրվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար օգնության ու օտարերկրյա լրագրողների՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն չտալու հարցում: Այնտեղ գրված էր, որ կողմերն ամեն ինչ պետք է անեն, որ չխոչընդոտեն լրագրողների ու հումանիտար առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Հայաստանը շահագրգռված է, որ և հումանիտար բեռները, և լրագրողները մտնեն Արցախ, բայց խոչընդոտներ է ստեղծում Ադրբեջանը: Եվ երրորդը, ինձ շատ մտահոգեց, որ ատելության խոսքի տարածման հարցում էլ հավասարության նշան կար կողմերի միջև: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ բանաձևում նաև երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը՝ խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ: Որքանո՞վ է հնարավոր դա կյանքի կոչել: Դա շատ կարևոր հարց է: Ավելին, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան համատեքստում պետք է այս հարցը բարձրացվի, այլ նաև Լեռնային Ղարաբաղի համատեքստում: Մադրիդյան սկզբունքներում հստուկ գրված էր բուֆերային, ապառազմականացված գոտու մասին: Այն ժամանակ քննարկվում էր 5-10 կմ-ոց գոտի ստեղծել: Բայց հիմա Լեռնային Ղարաբաղում ի՞նչ վիճակ է, Ադրբեջանի զորքերը կանգնած են, հետո սկսվում են հայերով բնակեցված գյուղերը: Նույնը Հայաստանի հետ սահմանային հայկական բնակավայրերին է վերաբերում: ՄԻՊ առաջարկը շատ ճիշտ է, և կարևոր է, որ այն ընդունվեց: Միջազգային դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման հնարավորություններ կա՞ն: Այո, բայց ես կարծում եմ, որ բացի դիտորդների տեղակայումից, Ադրբեջանի զորքերը մի քանի կմ հետ կքաշվեն: Ես նորից եմ կրկնում՝ այս փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է: Այս փաստաթղթով Ադրբեջանին զգուշացնում են՝ հեսա-հեսա կսկսենք սանկցիաները, խելոքացեք: Սա նույնն է, ինչ արեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը: ԵԽԽՎ բանաձևով ու Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծերով Ադրբեջանին  ասում են՝ դուք լկտիանում եք: Օրինակ՝ ԵԽԽՎ բանաձևում կան կետեր, որտեղ մանրամասն ասվում է, թե ինչ է կատարվում մեր գերիների նկատմամբ: Այս փաստաթուղթն ընդունված է՝ Ադրբեջանին սթափեցնելու համար: Մեր պատգամավորները հիմա աշխատանք պետք է տանեն, որ Ադրբեջանը ճանաչվի ագրեսոր պետություն, որպեսզի սանկցիաների հավանականությունն ավելանա: Դա կարևոր է, որ քանի որ Ադրբեջանը կանգ չի առնի, կփորձի մինչև վերջ առաջ գալ: ԱՄՆ կոնգրեսի և ԵԽԽՎ որոշումները սթափեցնող կլինեն, որ իրենք կանգ առնեն: Ալիևը շատ է մտահոգված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումներով, դրա համար էլ իր արտգործնախարարին ուղարկեց, որ հանդիպի Հայաստանի արտգործնախարարի հետ, և Մինսկի խմբում սկսվի աշխատանքը: Դա շատ կարևոր է, դա ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքի արդյունքն էր: ԵԽԽՎ այս բանաձևն էլ Ալիևին կստիպի մեր գերիների գոնե մի մասին վերադարձնել, չի վերադարձնի, սանկցիաները կսկսվեն:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
28-09-2021 22:49