Հայաստանում էլեկտրամոբիլների լցակայանների թիվը շուտով կհասնի 29-ի. ՈւՀՄ

28-09-2021 23:24

Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա եւս 10-ով: Նախատեսվում է նաև ընդլայնել աշխարհագրությունը, գրում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող ու համակարգող Ռոման Չոբանյանին: Նրա խոսքով, էլեկտրական լիցքավորման կայանների թիվը շուտով կհասնի 29 -ի: Այս պահին արդեն տեղադրված է 19 կայան, ևս 10 -ը կսկսի գործել մինչև տարեվերջ: Այժմ էլեկտրակայաններ արդեն գործում են Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև Իջևանում, Ապարանում, Ստեփանավանում, Աբովյանում, Սևանում և Ջերմուկում: Միությունն իր սոցիալական նախագիծը սկսել է դեռևս 2019 թվականին՝ 5 էլեկտրական լցակայան բացելով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում: «Հույս ունենք, որ սրանով կնպաստենք Հայաստանում էլեկտրական տրանսպորտի զարգացմանն ու օգտակար կլինենք էլեկտրամոբիլ գնել ցանկացողներին: Կայանների բացումը Հայաստանի տարբեր մարզերում շարունակական է լինելու», — նշել է Ռոման Չոբանյանը: Ինչպես հայտնի է, շուտով Հայաստանն ու Ուկրաինան կապող ևս մեկ վայր կստեղծվի, մոտ ապագայում Երևանում կբացվի սքեյթ-պարկ՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին:

Lragir.am,
28-09-2021 23:24