Եթե ԵԽԽՎ-ն իր քաղաքական կապիտալը բանեցնի, կարող է հարկադրել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

Եթե ԵԽԽՎ-ն իր քաղաքական կապիտալը բանեցնի, կարող է հարկադրել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ ընդունած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին: Բանաձևով նաև կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան: «Սրանով նախ հաստատվում է միջազգային իրավունքում գոյություն ունեցող Ադրբեջանի պարտականությունը, որն անպայման է և կախված չէ որևէ քաղաքական կամ այլ պահանջների կատարումից: Բայց սրանով նաև ԵԽԽՎ-ն վերահսատատում է, որ այնտեղ դեռևս ապօրինի պահվող գերիներ կան և նրանց վերադարձի հարցն անհարկի ձգձգվում է, ուստի Ադրբեջանը պետք է այս պարտականությունները կատարի: ԵԽԽՎ-ի բանաձևերը դրանք իրավական առումով պարտադիր չեն, դրանք միջազգային իրավունքում որակվում են որպես «փափուկ իրավունք», սակայն օժտված են քաղաքական ուժով: Եվ եթե այդ կառույցն իր քաղաքական կապիտալը բանեցնի, ապա կարող է հարկադրել Ադրբեջանին՝ գործել իր բանաձևին համահունչ»,- ասաց Սահակյանը: Նրա խոսքով՝ այս բանաձևը շատ դրական կողմեր ունի: Գերիներին վերաբերող հատվածում կարևոր է նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի այցելությունների ամրագրումը: «Գիտեք, որ այս պահին միայն այցելություններ են կազմակերպում Կարմիր խաչի ներկայացուցիչները, ընդ որում ոչ ինտենսիվ: Իսկ ԵԽ հովանու ներքո գործող Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելություններ չէր կատարում հաճախ նաև այն հիմնավորումներով, որ Կարմիր խաչն այցելություններ է իրականացնում, և սա ավելի շատ մարդասիրական մանդատ է: Սակայն ԵԽԽՎ-ն նաև վերահաստատել է այս կոմիտեի կողմից այցելություններ կազմակերպելու և դրանց հաճախականությունը մեծացնելու անհրաժեշտությունը»,- նշեց Սիանուշ Սահակյանը: Ըստ նրա՝ միայն ԵԽԽՎ կոչը կարևոր քաղաքական զարգացում է, սակայն բանաձևի իրականացման իրական հնարավորություններ չկան, քանի դեռ պատժամիջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի նկատմամբ կամ առնվազն չեն ստեղծվել դրա սպառնալիքները: «Քանի դեռ Ադրբեջանը զրկանքների չի ենթարկվել, չեմ կարծում, որ բարեխղճություն կդրսևորի իր միջազգային պարտավորությունների հանդեպ: Շուրջ մեկ տարի Ադրբեջանը միտումնավոր անտեսում է մարդասիրական բոլոր խնդիրները: Եվ սա հերթական կոչը կլինի, եթե չզուգակցվի պատժամիջոցներով կամ առնվազն դրանց կիրառման իրական սպառնալիքներով»,- նշեց նա: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների վերաբերյալ գործընթացները շարունակվում են և նոր որակներ են ստանում: Մասնավորապես, արդեն իսկ նոր գանգատներ են ներկայացվել, որոնք հենց առնչվում են ռազմագերիների ապօրինի դատապարտումների խնդրին: «Շարունակաբար նաև բռնի անհետացման, անհետանալու հանգամանքների վերաբերյալ են նոր գանգատներ ներկայացվում, պրոցեսն իրավական տեսանկյունից գնում է: Նաև ԵԽԽՎ-ն է կոչ արել Ադրբեջանին ու Հայաստանի իշխանություններին շատ կառուցողական գտնվել ՄԻԵԴ հետ համագործակցության տիրույթում: Մենք ակնկալիք ունենք, որ դատարանն էլ, հասկանալով պահի լրջությունը, պատասխանատու կերպով սեղմ ժամկետներում կիրականացնի քննություն, որպեսզի մենք ունենանք նաև խնդրի իրավական լուծում»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
28-09-2021 23:34