Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն դատաիրավական ոլորտում

28-09-2021 23:58

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը սեպտեմբերի 28-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում իրականացնել փոխշահավետ համագործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով: Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների  կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:  

Lragir.am,
28-09-2021 23:58