Հայաստանը ներկայացնող ուսապարկերը ուրախ են, որ ըստ ԵԽԽՎ-ի՝ «երկու կողմն էլ մեղավոր է»․ Աշոտյան

29-09-2021 00:24

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․ Երկրորդ օրն է, ինչ կապիտուլյանտների քարոզչամեքենան «փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում» սկզբունքով «դիվանագիտական հաջողություն» է հորինում ԵԽԽՎ լիագումար նիստին ընդունված բանաձեւից. ահա այն հիմնական կետերը, որոնցով պայթում է ուսապարկերի հերթական փուչիկը: 1. Բանաձեւի անուն: Հայաստանի իշխանական պատվիրակները «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը վերնագրի մեջ ճխտելը «հայ-ադրբեջանական կոնֆլիկտ» եզրույթի կողքին համարում են խոշոր հաջողություն: Այսինքն նման, նախկինում տարրական բաները հաղթանակ ե՞ն: 2. Ագրեսիայի մասին: Բանաձեւի 3-րդ կետում հիշատակվում է Հայաստանի եւ Ադրբեջանի 2001 թվականին Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ստանձնած հանձնառությունը խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն բանաձեւը այդպես էլ չի մատնանշում Ադրբեջանի կողմից վերջին պատերազմը սանձազերծելու փաստը: 3. Ո՞վ է մեղավորը: ԵԽԽՎ-ն, ունենալով միջազգային հետաքննչական մեխանիզմ գործադրելու մանդատ, որն, օրինակ, իրացրել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո, չի նախատեսում այդ լրջագույն անկախ գործիքակազմի օգտագործումը 44-օրյա պատերազմը հետաքննելու եւ իրական ագրեսորին անվանարկելու համար: Սրա անհրաժեշտության մասին պնդում եւ առաջարկում եմ պատերազմի հենց սկզբից: 4. Ականների մասին: Ադրբեջանին հերթական անգամ հաջողվում է միջազգային օրակարգ բերել ականապատված տարածքների քարտեզների թեման, ինչի գեթ մեկ հիշատակում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ՉԿԱ: 5. Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների մասին: Ունենալով բոլոր անհրաժեշտ հիմքերը առնվազն բարձրաձայնելու ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը՝ հաշվի առնելով մարդու իրավունքերի բացահայտ խախտումների, այն է՝ մեր ռազմագերիների խնդիրը, հայկական կողմը լուռ է եղել: 6. «Իրար արժեք»: Ողջ զեկույցում անթաքույց ձեւով դրված են հավասարության նշաններ Հայաստանի/Արցախի եւ Ադրբեջանի միջեւ: Օրինակ, հետեւյալ հարցերով. – գերիների նկատմամբ կտտանքներ – մշակութային ժառանգության ոչնչացում – «Կովկասյան Ալբանիա» եզրույթի «երկուստեք» մանիպուլյացիա – վարձկաններ VS սփյուռքից մեզ օգնության հասած հայեր Փաստորեն, Հայաստանը ներկայացնող ուսապարկերը ուրախ են, որ ըստ եվրոպացիների, «երկու կողմն էլ մեղավոր է»:

Lragir.am,
29-09-2021 00:24