Երևանը միշտ կշարունակի լինել հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը. Հայկ Մարության

09-10-2021 00:52

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ: Հայկ Մարությանն ընդգծել է, որ Երևանի քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում առկա են լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց  ծրագրեր, որոնք երևանցիներին կներկայացվեն առաջիկայում: «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ: Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը: Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու  այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին:  Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր: Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին: Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երեւանյան օրերի ընթացքում: Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երեւանը, միշտ եւ բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման  առաջամարտիկը: Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը: Տոնդ շնորհավոր, Երեւա՛ն»,-ասված է քաղաքապետի շնորհավորական խոսքում:

Lragir.am,
09-10-2021 00:52