Համամասնական ընտրակարգն ունի իր և լավ, և վատ կողմերը, բայց աշխատող համակարգ է

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվում: Այդ թվում՝ Վանաձորում ավարտվեցին ձեր լիազորությունները, նշանակվեց պաշտոնակատար, ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը: Ես ինքս այդ պրոցեսների մեջ եմ, չեմ ուզենա կանխակալ գնահատական տալ: Ամեն դեպքում օրենքի հետ որոշակի հակասություններ կան այդ որոշումների կիրառման մասով: Նաև մտածում եմ, որ եթե համայնքի ղեկավարը հինգ տարի ոչինչ չի արել, չեմ կարծում, թե վերջին 15-20 օրն իրեն կփրկեր, եթե ինքը մնար: Ես առաջնորդվում եմ այն մտքով, որ մեր թիմը բավական աշխատանքներ է արել քաղաքի համար: Այնպես չէ, որ նոր պիտի ճանաչեն մեզ և այնպես չէ, որ դա էական ազդեցություն ունի կոնկրետ իմ տրամադրության կամ գործելակերպի վրա: Բաց ես կարծում եմ՝ օրենքի տեսանկյունից սա ճիշտ չէր, խախտում կա, որովհետև բազմաթիվ իրավական նորմերով, նույն ՏԻՄ ոլորտը կարգավորող օրենքներով, նամանավանդ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքապետերը կամ ավագանու միջոցով ձևավորված ՏԻՄ մարմինները պիտի պաշտոնավարեն մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը՝ նաև ելնելով անալոգիկ պառլամենտարիզմի սկզբունքից: Նույնը նաև Ազգային ժողովում էր այդպես, որ օրենքի ուժով Ազգային ժողովն ինքնալուծարվեց, բայց շարունակում էր գործել: Առանց ավագանու ոչ գործող համայնքապետը, ոչ առավել ևս ժամանակավոր պաշտոնակատարը որևէ էական կամ նույնիսկ ոչ էական գործողություն չեն կարող անել: Երկրորդ, մթնոլորտն այնպիսին չէ Վանաձորում, որ ինչ-որ հակամարտող ճամբարներ լինեն, մեկը մտնի մյուսի մեջ: Բոլորը տարբեր բնագավառներից մարդիկ են: Հետևաբար, այս մեխանիզմն առանձնապես իմաստային առումով չգիտեմ ինչ կարող է տալ: Այսինքն՝ քաղաքի կառավարումը տուժո՞ւմ է այս ընթացքում: Իհարկե, եթե այս պահին հապշտապ կամ ոչ հապշտապ որոշում կայացնելու հարց լինի, առանց ավագանու դա հնարավոր չէ իրականացնել: Ասում են՝ այդ տղան էլ ընտրություններին չի մասնակցելու, հետևաբար, եթե մյուս կողմից դիտարկենք, եթե իրականում ինքը չի մասնակցելու, փաստորեն ավելի մրցակցային կդառնան ընտրությունները: Այսինքն՝ գործող քաղաքապետը հավելյալ լծակներ չի ունենա: Ես հստակ որոշել եմ մասնակցել ընտրություններին: Եթե մի քիչ խորամուխ լինեք համայնքի կառավարման գործերին, կտեսնեք, որ նոր համայնքի ղեկավարը, երբ ստանձնում է պարտականությունները, մոտ 1-1,5 տարի պահանջվում է, որպեսզի նորմալ աշխատանքային ցիկլ ապահովվի: Ու նոր հետո մնացած 2-2,5 տարին աշխատանքներ են իրականացվում: Իսկ մենք քիչ աշխատանքներ չենք կատարել, Վանաձորում տրամադրություն է փոխվել, դիմագիծ է փոխվել: Մեր համաքաղաքացիների արձագանքից կարելի է հասկանալ դա: Եվ մենք այդ խնդիրների լուծման ամբողջ շտեմարանը գույքագրած ունենք, մենք պատկերացնում ենք, խնդիրների լուծման բանալին ունենք: Լուծելով՝ գնում ենք, կիսատ գործեր, ընթացիկ ծրագրեր ունենք նաև: Համամասնական ընտրակարգը արդյունավե՞տ է համայնքների համար: Եթե Հայաստանում քաղաքական համակարգը նորմալ կայանա, այո, մրցակցային փոխզսպման, միմյանց վերահսկման մեխանիզմները ճիշտ են: Օրինակ՝ Վանաձորի ավագանիում միշտ այդ մեխանիզմը կիրառվել է: Այդտեղ մի նրբություն կա՝ պիտի համայնքի ղեկավարն ընտրվի ուղիղ մանդատով, այսինքն՝ թեկուզ էլի համամասնական, բայց առանձին մանդատով, ավագանին՝ առանձին, որպեսզի ավագանու մեջ սաբոտաժի, բոյկոտի նպատակները չհետապնդեն քաղաքապետի փոխարեն իրենցից մեկին քաղաքապետ կարգելու նպատակ: Այսինքն՝ ամբողջ քննարկումները ծավալվեն արդյունավետ: Բնականաբար, համամասնական ընտրակարգն ունի իր և լավ, և վատ կողմերը, բայց աշխատող համակարգ է: Ես արդար ընտրություններ եմ ակնկալում:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
13-10-2021 18:28