Հայաստանը երբեք չի բանակցել եւ չի բանակցի միջանցքի շուրջ․ Արմեն Գրիգորյան

13-10-2021 18:47

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կտրականապես մերժել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կովկասի հարավային մասերում նոր միջանցքներ ստեղծելու պլանները: Գրիգորյանն իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ վերջին պատերազմը ճանապարհ հարթեց տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար, գրում է news.am-ը: Նրա խոսքով՝ տարածաշրջանի ճանապարհների եւ տնտեսական ուղիների արգելափակման հարցը նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եւ քննարկվել է նաեւ այս տարվա հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Ուզում եմ ընդգծել, որ ոչ այս երկու հայտարարություններում, ոչ հանդիպումներում միջանցքի հարցը չի հիշատակվել»,- վստահեցրեց նա: «Ցանկանում եմ հստակեցնել, որ Հայաստանը երբեք ոչինչ չի առաջարկել եւ չի առաջարկի միջանցքի վերաբերյալ, եւ այն երբեք չի բանակցել եւ չի բանակցի միջանցքի շուրջ»,- ընդգծեց Գրիգորյանը:

Lragir.am,
13-10-2021 18:47