Իրանի գլխավոր դատախազը Երեւանում խոսեց կտրուկ քայլերի հավանականության մասին

«Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինեն հարցի լուծմանը»: Այս մասին հոկտեմբերի 13-ին Երեւանում ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Ջաֆար Մոնթազարը: Իրանի գլխավոր դատախազը փաստացի անխուսափելի է համարում սրացումը սահմաններին: Գլխավոր դատախազի հայտարարությունները փոխկապակցված են Իրանի ԱԳՆ դիրքորոշման հետ, որը չի հոգնում նախազգուշացնել, որ տարածաշրջանում սահմանների ուժային փոփոխության հավանականություն կա: Իրանցի նախարարը Մոսկվայում նույնիսկ իր ռուս գործընկեր Լավրովին հարցրեց՝ Ռուսաստանը համաձա՞յն է սահմաններն ուժով փոխելու փորձերին, և պատասխան չստացավ: Սահմանները փոխելու փորձերը փաստացի նույնացվում են «ահաբեկիչների» հետ, Իրանը փորձում է հասկանալ Հայաստանի դիրքորոշումը «սրման» եւ իր կտրուկ քայլերի դեպքում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
13-10-2021 19:35