Եթե հիմա ունենք մահացության այսքան դեպքեր, «կարմիր գոտում» ունենալու ենք ավելի մեծ թվով դեպքեր

Lragir.am-ի զրուցակիցն է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» բուժական գծով փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը Տիկին Ստեփանյան, կորոնավիրուսային հիվանդացության թվերն աճում են, ի՞նչ իրավիճակ է: Այո, թվեն օրեցօր աճում են: Այսօրվա հրապարակված թվերով 1217 նոր դեպք ունենք, դա ինձ համար մտահոգիչ է և որպես քաղաքացի, և որպես բուժաշխատող, ով պայքարում է կորոնավիրուսային հիվանդության դեմ՝ սկսած նախորդ տարվա մարտի մեկից: Օրերս մեկ օրում գրանցվեց կորոնավիրուսից 43 մահվան դեպք, հիվանդության արձանագրման սկզբից երբևէ նման թիվ արձանագրված չի եղել: Եվ եթե վիճակագրությունը վերծանում ենք, ստացվում է, որ ժամում երկու մարդ է մահանում Covid-ից, ինչը բավական լուրջ ցուցանիշ է Հայաստանի նման երկրի համար: Պետք է հաշվի առնենք, որ «դելտա» շտամի դեպքում յուրաքնաչյուր նոր դեպքը վարակում է 8-9 մարդու, իսկ նախորդ ալիքների դեպքում մեկ մարդը կարող էր վարակել 3-4 մարդու: Ես ուզում եմ նաև ընդգծել, որ նախորդ ալիքների ժամանակ մենք այսքան մանկական հոսպիտալացում չենք ունեցել, 0-18 տարիքային խմբում մանկական կլինիկական ախտանշաններով հոսպիտալացումների դեպքերը բավական մեծացել են, արդեն մեկ կամ երկու կլինիկան չեն բավարարում մանկական հոսպիտալացումների համար: Նախորդ ալիքների ժամանակ թվերը արագ բարձրացան, կանգնեցին պլատոյի վրա, ապա սկսեցին իջնել: «Դելտա» շտամի դեպքում մենք դեռ բարձրանում ենք և դեռ նոր պետք է մտնենք «կարմիր գոտի»: Եվ եթե մենք դեռ բարձրանալու ժամանակ ունենք այսքան մահացության դեպքեր, «կարմիր գոտում» ունենալու ենք ավելի մեծ թվով դեպքեր: Եթե հիշում եք, նախորդ ալիքների ժամանակ գրվում էր, թե մահացողները քանի տարեկան են, այս թվերի մեջ արդեն հնարավոր չէ տարիքը գրել, բայց հնարավոր է ասել, որ մահերն ավելի երիտասարդացած են, ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերն ավելի երիտասարդացած են: Լուրջ վերաբերմունք պետք է ցուցաբերենք այս հիվանդության նկատմամբ՝ մեր պետության սոցիալական բեռը թեթևացնելու համար: Այո, Covid-ը ծանր բեռ է մեր երկրի ու առողջապահական համակարգի համար: Բավական լուրջ հոսպիտալացման դեպքեր ունենք՝ բուժման տևականությամբ: Ծանր և ծայրահեղ ծանր պացինետները հոսպիտալում գտնվում են բավական երկար ժամանակ՝ հնարավոր է 1 կամ 1,5 ամիս: Դա ևս ծանրաբեռնում է առողջապահական համակարգը: Տա Աստված, որ կարողանանք ավելի արդյունավետ աշխատել ու հաղթահարել սա: Բոլոր Covid կլինիկաներն այսօր աշխատում են իրենց հնարավորությունների մաքսիմումի շրջանակներում, հագեցած են ամեն ինչով, սակայն սա կորոնավիրուսային հիվանդությունն է, որի դեմ ամբողջ աշխարհը պայքարում է: Եվ աշխարհում պայքարի նույն մեխանիզմներն են, որոնցից առաջինը պատվաստումներն են: Օրինակ են բերում՝ բա ինչո՞ւ են Եվրոպայում 90 տոկոսվ պատվաստված: Որովհետև եվրոպացիներն օրենքին ու հրահանգներին ենթարկվելու մտածելակերպ ունեն, դրկիցի մասին մտածում են: Այստեղ դա չկա, մարդիկ սահմանափակվում են նրանով, որ ասում են՝ «ես չեմ հավատում»: Որքան կարելի է հանդուրժել այս իրավիճակը: Ասեմ ավելին՝ առողջապահական համակարգը հյուծված է: Ես սա ասում եմ որպես բժիշկ, մենք ի վերջո կանգնելու ենք այն խնդրի առաջ, որ այլևս բժիշկն առողջություն չի ունենալու աշխատել պացիենտների հետ: Միգուցե փորձենք սթափ մտածելակերպով խնայե՞լ բժշկական ռեսուրսը: Մարդկանց բավարար տեղեկատվություն տրվա՞ծ է, թե ինչու նրանք պետք է պատվաստվեն: Պատվաստումների ու պատվաստանյութերի մասին տարբեր հարցեր կան: Covid կլինիկաներում աշխատող բժիշկներն անգամ սեփական ընտանիքի հետ շփվելու ժամանակ չունեն, բայց որքանով ես կարողանում եմ հետևել իրավիճակին, ապա, այո, մարդիկ տեղեկացված են: Ես գտնում եմ, որ և նախարարությունը, և կառավարությունը միահամուռ կոչեր ու հրահանգավորումներ են իրականացնում՝ անհրաժեշտ է պատվաստվել: Բոլոր ինֆեկցիոն հիվանդություններն աշխարհի երեսից վերացել են բացառապես պատվաստումների շնորհիվ: Օրինակ՝ կարմրախտի դեպքեր Հայաստանում չեն գրանցվում, քանի որ այդ արդյունքին հասել ենք պատվաստումների շնորհիվ: Դրանք ինֆեկցիոն հիվանդություններ են, ինչպես Covid-ը, որոնք առաջացնում են սոցիալական ծանրաբեռնվածություն: Մեկ անձը կարող է վարակել և առաջացնել այլ անձի վարակում ու կյանքի որակի իջեցում: Էլ չասեմ, որ Covid-ի պարագայում կյանքը վտանգված է հատկապես մեծահասակ բնակչության և ուղեկցող խնդիրներով հիվանդների մոտ: Իսկ Հայաստանի Հանրապետությունում շատ-շատ են ուղեկցող հիվանդություններով պացիենտները: Այդ թվում՝ երիտասարդնե՞րը: Այո, այդ թվում՝ երիտասարդները: Առնվազն ճարպակալում ունեն, որը Covid-ի ժամանակ բավական լուրջ ուղեկցող խնդիր է: Շատ քիչ են այն պացինետները, որոնք չունեն ուղեկցող հիվանդություններ: Կա գնահատական, որ «դելտա» շտամը հիմնականում երիտասարդներին է թիրախավորում, դուք ի՞նչ եք նկատում: Ոչ թե հիմնականում երիտասարդներին է թիրախավորում, այլ նաև՝ արդեն երիտասարդներին: Եթե նախորդ շտամների ժամանակ երիտասարդները վարակվում էին, բայց տանում էին հիմնականում անախտանիշ, որոշ դեպքերում ուղղակի թեթև կամ միջին ծանրության ընթացքով, «դելտա» շտամի պայմաններում մենք ունենք երիտասարդների մոտ ծանր և ծայրահեղ ծանր ընթացք: Հիվանդությունը կարող է նաև ամբողջովին առողջ երիտասարդի մոտ ընթանալ ծանր և ծայրահեղ ծանր ձևով: Ես ուզում եմ շեշտել, որ այս իրավիճակը մեր քաղաքացիների կողմից անլուրջ վերաբերմունքի հետևանք է: Ի՞նչ են պատճառաբանում հիվանդները, ինչո՞ւ չեն պատվաստվում: Շատերը պատճառաբանում են՝ «դե ես պետք է գնայի պատվաստվելու»: Իհարկե, ես չեմ ընդունում այդ պատճառաբանությունը, որովհետև եթե պատվաստանյութը դեռևս մարտ-ապրիլ ամիսներից արդեն ներկրված է Հայաստան, մենք այսօր չպետք է ասեինք՝ պետք է գնայինք պատվաստվելու: Պետք էր ժամ առաջ մտածել սեփական ընտանիքի և սեփական առողջության մասին, գնալ և պատվաստվել: Չկա երաշխիք, որ պատվաստված պացիենտը չի հիվանդանա, բայց հավատացած եղեք, փաստը մնում է փաստ, որ հիվանդանոցներում հոսպիտալացված անձանց գերակշիռ մասը չպատվաստվածներն են: Այո, պատվաստված պացիենտները կարող են վարակվել, սակայն նրանք հիվանդությունը տանում են թեթև: Դա ես ձեզ ասում եմ պաշտոնապես: Կան պատվաստված պացիենտներ, ովքեր դիմում են ախտանշաններով, բայց որպես կանոն, նրանց մոտ անգամ թոքաբորբ չի զարգանում: Կարող են լինել ուղեկցող հիվանդություններով պացիենտներ, որոնք պատվաստված են և ծանր ընթացք ունենան, բայց դրանք եզակի դեպքեր են, չի բացառվում ոչինչ: Բայց թվերը խոսում  են այն մասին, որ պատվաստված քաղաքացիները հիվանդանում են թեթև, և հիվանդանոցներում պառկած պացինետների գերակշիռ մասը չպատվաստվածներն են, եթե ոչ բոլորը: Եվ այստեղ քննարկել կամ հարցականի տակ դնել պատվաստվելը, դա ես համարում եմ և քաղաքացու և իմ մի շարք կոլեգաների կողմից արվող հանցագործություն: Եթե կան հիմնավորումներ, փաստարկներ և այլ առաջարկներ՝ համավարակի դեմն առնելու համար, այդ դեպքում խնդրում եմ թող առողջ բանականության շրջանակներում ներկայացնեն այդ առաջարկները: Կա միակ ընդունված տարբերակը՝ եթե մենք ուզում ենք պայքարել, հաղթահարել, ապա միայն պատվաստումով դա պետք է անենք այս պահի դրությամբ: Ի՞նչ իրավիճակ է հիվանդանոցներում: Այս պահին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» մենք որևէ ազատ մահճակալ չունենք: Ես կանխատեսում եմ, որ հնարավոր է մի քանի օրերի ընթացքում մենք հասնենք իրավիճակի, որ պացիենտներն ստիպված լինեն սպասել: Դա շատ հնարավոր է, քանի որ «դելտա» շտամի ալիքը երբ սկսվեց, հոսպիտալացվում էին անգամ թեթև ու միջին ծանրության դեպքերը, որոնք այս պահին հնարավոր է դիտարկվեն չհոսպիտալացվող դեպքեր: Ես վերջին օրերի ընթացքում արդեն ընդունում եմ բացառապես դեսատուրացված պացինետներին: Վերակենդանացման բաժանմունքում, նաև սոմատիկ բաժանմունքներում մենք տեղ չունենք արդեն: Դուք այն բժիշկն եք, ով ընդունել էր Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակված հիվանդին: Ի՞նչ է փոխվել այդ ժամանակվանից մինչև այսօր: Հիվանդության առումով շատ բան է փոխվել, յուրաքնաչյուր ալիք իր առանձնահատկություններով էր ընթանում և յուրաքանչյուր ալիքի ժամանակ կլինիկական ախտանիշները, ծանրությունն ու հիվանդության ելքերը տարբեր էին: «Դելտա» ալիքի ժամանակ ամենամտահոգիչ առանձնահատկություններից մեկը երիտասարդ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի ի հայտ գալն է: Կլինիկորեն փոփոխություններ ևս կան, եթե նախկինում մարդիկ նշում էին համի ու հոտի կորուստը, հիմա գրեթե այդպիսի խնդրով պացիենտ մեզ չի դիմում: Հիմա մեզ ավելի շատ դիմում են աղեստամոքսային համակարգի խանգարումներով պացիենտները, կոկորդի ցավով, գլխացավով: Սա «դելտա» շտամի առաձնահատկությունն է: Իսկ մարդկանց մոտեցման առումով ես չեմ տեսնում որևէ փոփոխություն: Այն պացիենտները, ովքեր չէին հավատում, շարունակում են չհավատալ այս հիվանդությանը: Չհավատացող պացիենտի կամ Covid-ի մասին խոսող բժշկի վարքը, ով երբևէ Covid բաժանմունքում չի եղել և չի տեսել  Covid-ով պացիենտի վիճակը, բուժման մոտեցումները, սակայն կարողանում է հակափաստարկներով խոսել տարբեր հարթակներից, ես համարում եմ հանցագործություն: Շատ կոպիտ եմ ասում, բայց մեր կոլեգաներին ես խնդրում եմ՝ այցելեք Covid հիվանդանոցներ: Եվ ուզում եմ հասկանալ՝ այցելությունից հետո նորից կխոսե՞ք այդ տոնայնությամբ՝ չհավատալով կամ հակապատվաստումային փաստարկներով: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա ինչպես նախկինում էին անփույթ վերաբերվում հակահամաճարակային կանոնների պահպանմանը, այնպես էլ հիմա: Որևէ բան չի փոխվել: Սա, կարծում եմ, մեր մտածողության խնդիրն է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
13-10-2021 21:34