Իրանը հասկացել է, որ Ռուսաստանի կողմից խոստացված միջնորդությունը կովկասյան տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար չունի ամուր հիմքեր

Մեր զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը Պարոն Շահմուրադյան, Իրանի ԱԳ նախարարը հայտնել է մոտ ապագայում Հայաստան և Ադրբեջան այցելելու մասին: Ի՞նչ կտա այս այցը: Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններում հայ-իրանական և Ադրբեջան-Իրան սահմանի ողջ երկայնքով Արաքս գետի հյուսիսային շրջաններում վերջին զարգացումները և թուրք-ադրբեջանական իրար հաջորդող զորավարժությունների անցկացումը Նախիջևանում, Ադրբեջանում և նույնիսկ Վրաստանում, որին մասնակցում են թուրքական բանակի հատուկ ջոկատայիններն ու Ադրբեջանի մասով արդեն Իրանի համար հայտնի դարձած Իսրայելի ռազմական փորձագետները և օրերս Կասպից ծովում անցկացվող թուրք-ադրբեջանական ծովային զորավարժությունը իրոք մտահոգության պատճառ en հանդիսացել Իրանի պետական, ռազմական և անվտանգության պաշտոնյաների համար: Ինչպես գիտեք, Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ուժերի կողմից իրանական բեռնատարների ու մեքենաների համար ստեղծած խոչընդոտները կարգավորելու նպատակով Իրանը փորձեց դիվանագիտական, ապա ռազմական զորավարժություններ անցկացնելով՝ ադրբեջանական կողմին ստիպել զիջումների գնալ տարածաշրջանում և չփորձել այլ ուժերի, հատկապես Իրանի տարածաշրջանային թիվ մեկ թշնամի Իսրայելի օգնությամբ փոփոխության ենթարկել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարումները: Սակայն Ադրբեջանի միապետ Ալիևի պատասխանը եղավ  կոշտ ու հանդուգն, և նրանք ձեռնարկեցին Նախիջևանում, ապա Բաքվում և հիմա էլ Կասպից ծովում նոր զորավարժություններ անցկացնել, ինչը վկայում է Ադրբեջանի՝ Իրանի դեմ թշնամական տրամադրվածության մասին: Կարևոր էր նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի Իրան այցը, որի ընթացքում  կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցիյն հայ-իրանական երկկողմ քաղաքատնտեսական հարաբերությունների ընդլայնման ու զարգացման հարցերում: Այնուհետև Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլահյանն անմիջապես մեկնեց Մոսկվա և հանդիպումներ ունեցավ իր ռուս գործընկեր Լավրովի և այլ պաշտոնատարների հետ, ընդ որում՝ քննարկման առարկա էր նաև Կովկասյան տարածաշրջանում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցերը և անկասկած հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ կապված խնդիրները: Դեպքերի զարգացումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի միջնորդական դերակատարությունը չի կարողանում հանդարտեցնել տարածաշրջանային բազմաշերտ ու բազմակողմանի խրթին հարցերը, և ադրբեջանական կողմը պատրաստ չէ հրաժարվել իր կոշտ մոտեցումից ու կոպիտ դիրքավորումից Իրանի և Հայաստանի նկատմամբ, որին անկասկած սատարում են նրա աջակիցներ Իսրայելը և Թուրքիան: Իրանը քաջ գիտակցում է, որ Իսրայելը, մտնելով կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական խաղերի մեջ, փորձում է Ադրբեջանի ձեռքով հարվածել Իրանի անվտանգային և տնտեսական շահերին տարածաշրջանում, որպեսզի Իրանին հունից հանելով՝ ներգրավի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Արդեն իսկ լուրեր են տարածվել, որ Իսրայելը դիմել է Ադրբեջանի իշխանություններին այդ երկրի ավիաբազաներից մեկը վերցնելու նպատակով, և սա պատահական չի կարող լինել, քանի որ մի կողմից Ադրբեջանը շատ մոտ է Իրանին և մյուս կողմից Իսրայելի էներգիայի շուրջ 40 տոկոսը մատակարարվում է Ադրբեջանի կողմից: Եվ եթե Իրանը փորձի հրթիռային փոխհարված հասցնել Ադրբեջանի նավթային օբյեկտներին, որոնք շատ ավելի հասանելի են Թեհրանի համար, ապա այստեղ հիմնական տուժող կողմը կարող է լինել Իսրայելը: Իրանը հասկացել է, որ Ռուսաստանի կողմից խոստացված միջնորդությունը կովկասյան տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար չունի ամուր հիմքեր, քանի որ Ռուսաստանը ոչ մի հակազդեցություն չի ցուցաբերում Կասպից ծովում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ ծովային զորավարժություններին, որը համարվում է այդ տերության անվտանգության հիմնական գոտիներից մեկը, ընդ որում՝ կիրառվում են թուրքական բանակի օդուժի ամերիկյան կործանիչներ և իսրայելական ԱԹՍ-ներ: Արդեն իսկ Իրանի համբերության բաժակը լցվել է, ուստի Իրանը այժմ փորձում է ուղղակի միջամտել տարածաշրջանային խնդիրների կարգավորման աշխատանքներին: Իսրայելը լուրջ վտանգ է հանդիսանում Իրանի համար, որն այժմ արդեն բույն է դրել Ադրբեջանում: Իրանը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան նոր տարանցիկ ճանապարհի կառուցմանը: Կա՞ այսպիսի համաձայնություն: Վստահ եմ՝  այո, Իրանը շատ լուրջ է տրամադրված և Իրանի ներսում գործարար և փորձագիտական շրջանակներում թե պետական և թե մասնավոր հատվածներում լուրջ քննարկումներ են անցկացվում այդ ուղղությամբ: Արդեն տարիներ է, որ Իրանը հստակ հայտնել է իր պատրաստակամության և աջակցության մասին, ու այդ ուղղությամբ բազում հանդիպումներ ու հուշագրեր են ստորագրվել մի կողմից հայ-իրանական, իսկ մյուս կողմից հայ-վրացական-իրանական պետական պատվիրակությունների ու համապատասխան պաշտոնյաների կողմից: Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն առաջնահերթություն են Իրանի արտաքին առևտրի համար, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը ավելի գերակա դիրքում են գտնվում, այդ կազմում և Հայաստանի տարանցիկ ճանապարհը ցամաքային կապող երթուղին է Իրանին դեպի Սև Ծով ու Արևմտյան Եվրոպա: Անկասկած, Վրաստանը նույնպես կարևոր դերակատարություն ունի Իրանի հարավային Բանդար Աբբաս և Չաբահար ռազմավարական նավահանգիստները Հայաստանից Սև ծով կապելու ճանապարհին: Իրանը իրոք պատրաստ է աջակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան նոր տարանցիկ ճանապարհի կառուցմանը: Անկասկած է, որ այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար հարավային Պարսից ծոցի և Օմանի ծովի իրանական նավահանգիստները և Չաբահարի ազատ տնտեսական գոտին միացնելու Սև Ծովին, Արևմտյան Եվրոպայի երկրներին ու ԵԱՏՄ-ին: Արդեն այդ ուղղությամբ շահառու երկրներ՝ Իրանի, Հայաստանի և Վրաստանի պաշտոնյաների միջև բանակցություններ են ընթանում, և ինչպես արդեն հայտնի է՝ Իրանը աջակցում է Հայստանին Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, որի համապատասխան կապիտալն ու ներդրումը երաշխավորվելուց հետո կողմերը մյուս գործընկերների մասնակցությամբ կսկսեն հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի կառուցման աշխատանքները:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
13-10-2021 23:40