S&P-ում կարծում են, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են․ նախարար

14-10-2021 11:35

Կառավարության նիստում այսօր ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ հարցին, որ «Standard & Poor’s» միջազգային գործակալությունը Հայաստանին վարկանիշ է շնորհել: «Առաջին տարին է, որ «Standard & Poor’s» կազմակերպությունը վարկանշել է Հայաստանին և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշ՝ դրական հեռանկարով: Առաջին տարին է նաև, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանիշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ Մուդիսը, Ֆիթչը և Ստանդարդ էնդ Փուրզը: Ընդ որում, եթե Մուդիսի և Ֆիթչի վարկանշավորումը սուվերեն էր և վերաբերում էր միայն ՀՀ վարկունակությանը, ապա Ստանդարդ անդ Փուրզի այս վարկանիշի առաձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի այն միաժամանակ սահմանել է նաև փոխանցման և փոխարկելիության գնահատական, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար: Վերջինս նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard & Poor’s-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ»,- ասաց նախարարը: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կազմակերպության գնահատականն այն է, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են և առաջիկա 12 ամիսերի ընթացքում կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացմանը: «Standard & Poor’s»-ը նշել է, որ հետագա երկու-երեք տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի սպասումները եթե արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաև երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավմանը: «Հայաստանի սուվերեն մյուս վարկանիշը հիմնված է այն գնահատականների վրա, որ չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը: Standard & Poor’s-ն ակնկալում է, որ կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի: Այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու և դրա ներքո տեղական ու միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով: Այսինքն՝ այս վարկանիշի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպություններն ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել և դրա ներքո թե հայաստանյան, թե արտաքին շուկաներում ավելի հարմար և հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը:

Lragir.am,
14-10-2021 11:35