Սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձևավորմանը․ Մհեր Գրիգորյան

14-10-2021 11:59

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում անդրադարձավ «Standard & Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշին: «Սա ակնհայտ իրադարձություն է, որ նպաստում է պարտքի շուկայի հասանելիությանը և պայմանների լավարկմանը: Բայց նաև կապիտալի շուկան է մեզ համար գերկարևոր խնդիր: Եվ սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձևավորմանը և ապահովում է մեր մասնավոր հատվածի ընկերությունների մուտքը կապիտալի շուկա, որը շատ կարևոր է մեզ համար: Սա իրոք կարևոր իրադարձություն էր»,- ասաց Մհեր Գրիգորյանը: Ըստ նրա՝ ի լրումն Մուդիսի և Ֆիթչի գնահատականների, սա հետևյալ արտոնությունն ունի՝ կա պրակտիկա, որ դիվերսիֆիկացված գնահատականները շատ ավելի մեծ հուսալիություն են տալիս ներդրողներին և ընդհանրապես շուկայի մասնակիցներին: «Որքան վարկանիշավորումները շատ լինեն հեղինակավոր գործակալությունների կողմից, այնքան համարվում է ավելի ճշգրիտ և դիվերսիֆիկացված: Մի բան է, որ մեկ վարկանիշ շնորհող կազմակերպություն է խոսում դրա մասին, մեկ այլ բան է, երբ տվյալ դեպքում երեք առաջատար վարկանիշ շնորհող կազմակերպություններ տվել են գնահատականներ, որոնք բավական սիմետրիկ են: Այստեղ կա մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ ըստ էության գնահատականների համակարգի մեջ շեղում չկա, շատ համահունչ են գնահատականները: Սա շատ կարևոր է նաև մեր ռազմավարական նպատակի՝ կապիտալի շուկայի ձևավորման ուղղության համար»,- հավելեց փոխվարչապետը:

Lragir.am,
14-10-2021 11:59