Հիմա էլ տեսնելով մեր նոր նշանակված դեսպաններին, կարծում եմ՝ նույն գործընթացը շարունակվելու է

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը Նախօրեին ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը: Ձեր կարծիքով ինչո՞ւ: Որքանո՞վ էր դա պայմանավորված նրանով, որ Թումանյանը սերտ առնչություններ ունի ՀՅԴ-ի հետ: Ես չեմ կարծում, որ դրանով էր պայմանավորված: Ես կարող եմ ասել, որ մեր դեսպանների աշխատանքը բավարար չի եղել երբեք: Երբ ես գնում եմ կոնֆերանսների, տեսնում եմ, թե ուրիշ երկրների դեսպաններն ինչքան ակտիվ են, իսկ մեր դեսպաններն ինչքան պասիվ են եղել, բայց ես չեմ կարող ասել, որ դեսպանի հետկանչը դրա հետ է կապված, որովհետև հիմա նոր նշանակված դեսպանները բոլորն էլ անփորձ են, փաստորեն դիվանագիտական որևէ փորձ չունեն: Արտաշես Թումանյանն էլ որևէ դիվանագիտական փորձ չուներ, որ նշանակվեց և արդեն տասնյակ տարիներ Հայաստանի դեսպանն էր Իրանում: Ես այն կարծիքին եմ, որ եթե մարդուն ուղարկում են դեսպան, նա նախ պետք է այդ երկիրն իմանա, դիվանագիտական փորձ ունենա: Իրանում մարդը առնվազն պետք է 5 տարի ԱԳՆ-ում աշխատած լինի, որ նշանակվի դեսպան: Իսկ Արտաշես Թումանյանը գործարար էր, վերցրել, տարել, դրել են դեսպան: Ես միշտ քննադատել եմ նրա գործունեությունը, բայց չեմ կարող ասել, որ միայն ինքն է այդպիսին եղել: Բացառություն է Կարեն Նազարյանը, որը երկու տարի Իրանում դեսպան եղավ և իրոք կատարում էր դեսպանի կարգավիճակին համապատասխան աշխատանք: Ես իր աշխատանքը տեսել եմ, իսկ մյուսներից ոչ մեկը չեն եղել այն բարձրության վրա, ինչպես եղել են Ադրբեջանի կամ այլ երկրների դեսպանները, որոնք շատ ակտիվ գործունեություն են  ծավալել: Ադրբեջանն իր քարոզչությունն իրականացրել է հենց իր դեսպանների միջոցով ամբողջ աշխարհում: Մենք միշտ թույլ ենք եղել, և միայն Իրանում չէ այս վիճակը: Հիմա էլ տեսնելով մեր նոր նշանակված դեսպաններին, կարծում եմ՝ նույն գործընթացը շարունակվելու է: Մարդը պետք է դիվանագետ լինի, որ դեսպան նշանակես: Ենթադրենք, ԱՄՆ-ում դեսպան են նշանակել Լիլիթ Մակունցին, նա դիվանագե՞տ է: Դիվանագիտությունը լուրջ գիտություն է: Ես օրինակ, Իրանն արտակարգ գիտեմ, բայց երբեք դիվանագետ չեմ կարող լինել: Միայն երչկիրը ճանաչելը և լեզուն իմանալը դիվանագիտություն չէ: Ես այդ կրթությունը չունեմ: Չի կարելի ասել՝ իրանագիտության բաժինն ավարտած ամեն ոք կարող է դեսպան լինել: Այդպես չէ: Եթե Արտաշես Թումանյանի հետկանչի պատճառը լիներ Դաշնակցության հետ կապը, ապա 3,5 տարի է նոր իշխանություններն են եկել, բայց նա շարունակել է պաշտոնավարել: Վերջերս Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՅԴ-ն Իրանում հակահայաստանյան գործունեություն է ծավալում: Գուցե հենց այդ հայտարարություններից հետո են որոշել հետ կանչել դեսպանին: Ես էլ դա լսեցի, դրա մասին բազմիցս ասվել է, թեև ավելի մեղմ ձևով, որ ՀՅԴ-ն Իրանում ներկայացնում է, որ Նիկոլ Փաշինյանը Իրանի դեմ է: Բայց այս դեպքում դեսպանն ի՞նչ կարող է անել: Դաշնակցականներն ունեն իրենց օրաթերթը, կարող են իրենց օրաթերթում քննադատել Հայաստանին, Հայաստանի իշխանություններին, և որևէ դեսպան չի կարող նրանց արգելել: Միակ բանը, որ դեսպանը կարող է անել, կարող է այդ ուժերի հետ երկխոսել, բայց եթե նրանք տարբեր ճամբարներում են, ապա դժվար թե խոսակցությունն արդյունք տա: Այդպես եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ Իրանի դաշնակցականները խիստ քննադատության էին ենթարկում Հայաստանի նախագահին: Իհարկե, այդ ամենի կողքին կան այլ ուղղություններ, որոնք փոքրամասնություն են, որոնք պաշտպանում են իշխանություններին և Հայաստանի շահերը: Ինչպիսի՞ մեկը պետք է լինի Իրանում Հայաստանը դեսպան: Կարծում եմ, որ նախ պետք է դիվանագիտական աշխատանքի փորձ ունենա: Պետք է ճանաչի Իրանը, այդ երկրի սովորույթները, քաղաքականության մեջ իրենց դերը: Պատահական մարդ չպետք է լինի դեսպանը, մանավանդ այսօրվա դրությամբ, երբ Իրանը պատրաստ է մեզ աջակցել ամեն ձևով: Այսինքն մեզ համար այդ հնարավորությունը ստեղծվել է, և մենք պետք է դրանից օգտվենք: Քանի դեռ Ալիևը խորամանկությամբ չի հայտարարել Իրանի հետ եղբայրության մասին, ինչին նա անպայման կգնա: Որովհետև Իրանը կարող է փակել դեպի Նախիջևան ճանապարհը, նաև այլ քայլերի գնալ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
14-10-2021 17:31