Նվազագույն արժանապատվություն ունեցող, հեղափոխության հետ նվազագույն կապ զգացող մարդը չի կարող երկրի առաջնորդի նկարը կախել իր կաբինետում

Մեր զրուցակիցն է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը Տիկին Կարապետյանց, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ կառավարությունում կարգ է ընդունվել, որ պետք է աշխատասենյակներում կախված լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը: Նա նշել է, որ  օրենսդրական առումով դա որևէ կերպ չի կարգավորում, սակայն «կարգը, որն ընդունվել է կառավարությունում, պահպանվում է»: Ինչպե՞ս եք գնահատում, որ հեղափոխությունից 3 տարի անց այսպիսի պատկեր ունենք: Եթե մինչև իշխանության գալը այդ հարցը չքննարկվեր ներկայում բարձր պաշտոններ զբաղեցնողների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե երկրի ղեկավարի նկարները իրենց իշխանության գալուց հետո շարունակեին փակցված մնալ կամ փոխարինվեին նոր ղեկավարի նկարներով, այսինքն այդպես էր ընդունված, այդպես էլ շարունակվեր, կասեինք՝ դե ավանդույթ է, լավն է, թե վատն է, ընդունված է այդպես: Բայց այս խնդիրը շատ ավելի ուշ սկսեց ի հայտ գալ: Ես առիթ եմ ունեցել ասելու, որ սա Նիկոլ Փաշինյանին հավատարմություն հայտնելու ձևերից մեկն է: Այսինքն հավատարմությունը ստուգելու ձևերից մեկն է: Նկարը կախեցիր՝ ուրեմն հավատարիմ ես Նիկոլ Փաշինյանին, չկախեցիր, ուրեմն դու կամ ծպտյալ ուժերի ես պատկանում, կամ անհասկանալի է, թե ով ես: Հետևաբար, բոլոր նրանք, որոնք չեն կախել և հայտարարել են, որ չեն կախելու վարչապետի նկարը, իրենք այլևս պաշտոններում չեն լինելու: Այդ հիմար արտահայտությունը, որ ինքը մեր քաղաքական առաջնորդն է և մենք ԱԺ-ի մեր սենյակներում կախում ենք նրա նկարը, հասկանալի է, որ չանցավ: Որովհետև, այստեղ խոսքը ուղիղ իմաստով հավատարմություն հայտնելու, կամ գողական բառապաշարով ասած, կոտրվելու մասին է: Ով կկոտրվի, կկախի՝ մերոնքական է, ով չի կախի՝ մերոնքական չի: Այսինքն մենք նորից վերադարձանք մերոնքական-ձերոնքական սկզբունքին: Ու սա ինդիկատոր է: Սա ամենատխուր պատկերներից մեկն է և անկեղծորեն շատ եմ ցավում, որ մարդիկ, որոնք շատ ցածր ինտելեկտ չունեն, նվազագույնը գոնե պետք է արժանապատվություն ունենային այդպիսի պատասխաններ չտալու: Որևէ մեկը կառավարության քննարկումների ժամանակ չի եղե՞լ, որ հոսանքին հակառակ գնար ու ասեր՝ էս ինչ անհեթեթ բան ենք անում: Իսկ այսքան ժամանակ Ազգային ժողովից կամ կառավարությունից ո՞ւմ եք տեսել, որ դիմադրություն ցույց տա: Ինձ թվում է, որ ով դիմադրություն է ցույց տվել, շամպայնի խցանի նման դուրս է թռել իր աշխատասենյակից: Լավագույն դեպքում դուրս է թռել, իսկ վատագույն դեպքում քրեական գործի շրջանակներում է դուրս թռել, նաև քրեական գործ է հետը տուն տարել: Ես կարծում եմ՝ որևէ նվազագույն արժանապատվություն ունեցող, իրեն հեղափոխության հետ նվազագույն կապ զգացող մարդը չի կարող  երկրի առաջնորդի նկարը կախել իր կաբինետում: Չի կարող այդպիսի բան լինել: Դուք կարող եք կախել բազմաթիվ տաղանդավոր, հանճարեղ հայերի, ոչ հայերի նկարներ, բայց գործող իշխանության պատկերները կախել, երբ նախկինում նույն մարդկանց կողմից այդ երևույթի հանդեպ քննադատությունը չգիտես որ աստիճանի է հասել, լուրջ չի և ինձ համար ընդունելի չի:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
14-10-2021 21:36