Էպիդեմիոլոգիական հաշվարկն արդեն սխալ է գնում։ Մենք չունենք այդ հետազոտությունը երկրում, որպեսզի տեսնենք, թե ինչքան մարդ է վարակված

Lragir․am-ի հարցերին պատասխանել է վարակաբան Արմեն Օհանյանը Պարոն Օհանյան, առողջապահության նախարարությունից հայտնել են, որ քննարկվում է ժամանցի վայրեր չպատվաստված անձանց մուտքն արգելելու հարցը: Հայաստանի պայմաններում ինչպե՞ս կաշխատի այս կարգը: Ես կարծում եմ՝ սահմանափակումներ պետք են, բայց սահմանափակումները պետք է լինեն հստակ գործող: Այսինքն՝ պետք է մեխանիզմներ մշակվեն, թե այդ սահմանափակումները ոնց են վերահսկվելու: Այսօր էլ մենք ունենք փակ տարածքներում դիմակներ կրելու վերաբերյալ սահմանափակումներ, բայց ո՞վ է պահպանում դա, չի գործում: Այսինքն՝ դա դառնում է «պահի տակ ստուգենք, տուգանենք» մի գործիք: Այո, ես կողմ եմ շատ խիստ սահմանափակումների, եթե որոշում ենք, որ զվարճանքի վայրեր, շատ այլ վայրեր պետք է միայն պատվաստված անձինք մուտք գործեն, ուրեմն պետք է միայն պատվաստված անձինք մուտք գործեն, դա պետք է հստակ լինի: Բայց մենք տեսանք, որ իրենց աշխատանքի մեխանիզմն արդյունք չտվեց: Մասնագետների կողմից կանխատեսումեր կային, որ պարտադրանքը դրդելու է, որ մարդիկ կեղծիք անեն: Հիմա իրենք ընկած են այդ կեղծիքների հետևից, բռնում են օրինախախտներին: Հիմա էլ թեստավորման օրենքն են անընդհատ փոփոխությունների ենթարկում: Հիմա որոշել են, որ եթե մինչև 90 օր առաջ եղել ես վարակված, կարող ես չպատվաստվել: Բայց դա հայտարարվեց այն բանից հետո, երբ այս 14 օրվա համար բոլորը թեստավորվեցին պրծան: Միգուցե տեսան, որ չեն կարողանում այդքան մարդ թեստավորել, ռեսուրսը չի հերիքում, որովհետև մեծ հերթեր են լաբորատորիաներում: Դրա համար պետք է ռեսուրսների ճիշտ հաշվարկ արվի: Կառավարության նիստում նաև հարց բարձրացվեց, թե ինչո՞ւ պետք է չպատվաստված ու վարակված անձը անվճար հիվանդանոցային բուժում ստանա: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ: Դա աբսուրդ է: Այդպես որ լիներ, ամբողջ աշխարհն էլ պետք է ասեր՝ ինչո՞ւ պետք է պանդեմիայի ժամանակ Հայաստանին ինչ-որ բանով օգնենք, թող դիմակ կրեն, նստեն տանը, չվարակվեն: Պանդեմիայի ժամանակ մեկը մյուսին օգնում են, ինֆեկցիոն հիվանդությունները պատմականորեն միշտ եղել են պետության հաշվին բուժվող հիվանդություններ: Մասնավորապես, օդակաթիլային տարբերակով փոխանցմամբ պայմանավորված հիվանդությունները պետության հաշվին են բուժվել, որպեսզի չտարածեն, չվարակեն մյուսներին: Այսինքն՝ դա պետական շահ է հետապնդում, միայն անհատի առողջության շահը չէ: Մեկ տարի առաջ, երբ մասնավոր կլինիկաներն ուզում էին վճարովի տարբերակով covid-ով հիվանդներ հոսպիտալացնել, օրենքը թույլ չէր տալիս: Հիմա հակառակն են ուզում անել, ո՞վ է այդ հաշվարկներն անելու, ի՞նչ ծախս է կազմելու, որպես օգնություն եկած դեղորայքից օգտվելո՞ւ են մարդիկ, թե չէ: Իմ կարծիքով՝ դա մարդասիրական առումով անընդունելի քայլ է: Հիվանդացության թվերն աճում են, նախարարության պաշտոնյաները հայտարարում են, որ հիվանդանոցներում տեղեր չկան, հիվանդներն սպասում են հոսպիտալացման իրենց հերթին: Ի՞նչ պետք է անել: Պետք է նոր հիվանդանոցներ ներգրավել պրոցեսի մեջ, հստակեցնել հոսպիտալացման ցուցումները: Այսինքն՝ պետք է վստահ լինել, որ եթե մարդը գտնվում է հիվանդանոցում, ուրեմն իրոք ունի հիվանդանոցային բուժման կարիք: Նախարարն իր ելույթներից մեկի ժամանակ ասաց, որ լրացուցիչ ապահովության համար հոսպիտալացրել են ինչ-որ մարդկանց: Լրացուցիչ ապահովության համար հոսպիտալացում չեն իրականացնում, դրա համար հստակ ցուցումներ պետք է լինեն: Կառավարությունն ունի՞ ցուցումներ, թե ում է հոսպիտալացնում և այդ ցուցումներն իրականում գործո՞ւմ են: Օրինակ՝ որքանով ես տեղյակ եմ, գրեթե բոլոր վարակված հղիներին, ովքեր դիմում են հիվանդանոց, հոսպիտալացում են առաջարկում: Դա մենք չենք կարող մեզ թույլ տալ, այս պայմաններում ցուցումները պետք է լինեն շատ դինամիկ, անընդհատ փոփոխվեն, էպիդեմիոլոգիական հաշվարկները հենց դրա համար են արվում: Դեռ իրենք 20 օր առաջ էին խոսում այն մասին, որ թվերն աճելու են: Բա որ դա գիտեիք, դժվա՞ր էր նոր թթվածնի կայաններ ստեղծել, մի քանի մարզային հիվանդանոց ևս վերածել covid կենտրոնների: Այսօր էլ հպարտորեն գրում են՝ 300 հոգի սպասում են հոսպիտալացման հերթում: Սա, իմ կարծիքով, խայտառակություն է: Դա որպես ահաբեկո՞ւմ եք ներկայացնում: Դրա համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, ոչ թե ինչպես միշտ ասեք՝ ժողովուրդն է մեղավոր: Համաճարակային իրավիճակը լարվա՞ծ է: Հիվանդացության բռնկում է գնում: Ես միշտ ասում էի, որ իմ մոտավոր հաշվարկով պետք է որ ավարտվեր համավարակը, բայց հիմա լավ բռնկում է: Այսինքն՝ իմ այդ կանխատեսումը սխալ էր, որը հիմված էր որոշակի թվերի վրա: Սխալ էր, որովհետև մենք թեսավորում ենք շատ անկանոն, թեստավորման համար մենք ևս պետք է ունենանք հստակ ցուցումներ, ոչ թե բոլորին թեստավորենք: Այդ դեպքում չենք կարող հստակ ցուցանիշ ունենալ, որպեսզի բազմապատկենք ու թիվ ստանանք: Այդ էպիդեմիոլոգիական հաշվարկն արդեն սխալ է գնում: Մենք չունենք այդ հետազոտությունը երկրում, որպեսզի տեսնենք, թե ինչքան մարդ է վարակված, որ ըստ դրա կանխատեսենք հաջորդ ալիքները և դրանց տեմպերը: Իսկ հիմա սովորական ալիք է, հավանաբար ունենք այդ չհիվանդացած քանակը, ում մոտ շրջանառվում ու տարածվում է վարակը: Նախորդ օրը 12 հազար թեստ են արել, հայտնաբերել են 1500 դեպք, ինչը սպասելի էր, դա 10 տոկոսից մի քիչ ավելի է: Այսինքն՝ աճը հարաբերական է, նույն թվերն են շրջանառվում, արդյոք սա աճ կարելի՞ է համարել: Տոկոսային առումով առանձնակի փոփոխություն չկա: Նախորդ տարի այս ժամանակահատվածում ամենամեծ բռնկումն էր, երբ 5-6 հազար թեստավորման մեջ օրական դրական մինչև 2000 դեպք էինք ունենում:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
15-10-2021 11:17