Նման իրավիճակում հայկական կողմը պետք է մտածի հակառակորդին համարժեք պատասխան տալու մասին

Արցախի Մարտունու շրջանի բնակավայրերում բնակիչների մոտ խուճապ չկա, բայց մարդիկ հարցադրում են անում՝ ինչո՞ւ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկում ընդդեմ ադրբեջանական սադրանքների: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը: Նշենք, որ երեկ ադրբեջանցիների հարձակման հետևանքով վեց հայ զինծառայող է վիրավորվել Արցախում: «Մարդկանց մոտ խուճապ չկա, բայց մտածում են, որ եթե այսպիսի միջադեպ է եղել, մերոնք չեն հակադարձել, ի՞նչ է լինելու մեր վիճակը: Ամեն օր ինչ-որ բան կարող է լինել, մենք չենք փորձում ինչ-որ կերպ քայլեր ձեռնարկել: Այո, դեպքը եղել է, հայտարարություններ են եղել, որ այդպիսի բան է եղել, բայց քայլեր չկան: Ոչ մի պանիկա, խուճապ չկա մեզ մոտ, բայց մարդիկ մտածում են, որ եթե գյուղում ապրում են, երեխաները գնում են դպրոց, ի՞նչ է լինելու»,- ասաց նա: Արտակ Մկրտչյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ երեկվա միջադեպի վայրում այդ պահին ռուս խաղաղապահներ չեն եղել, դեպքից հետո են եկել իրենց տեղակայման վայրից: «Բայց եթե այդ դեպքն արդեն եղել է, եթե մենք ունենայինք զոհեր, դրանից հետո թեկուզ ռուս խաղաղապահները գային, ասեին՝ հանգիստ է, չեն կրակում, հետո՞: Ամեն օր կամ ամիսը մեկ անգամ այպիսի դեպքեր պետք է լինեն, հետո վերջը ի՞նչ պետք է լինի»,- նշեց նա: Արտակ Մկրտչյանի խոսքով՝ նման իրավիճակում հայկական կողմը պետք է մտածի հակառակորդին համարժեք պատասխան տալու մասին: «Գործող իշխանությունը պետք է ինչ-որ խոսք ասի, եթե գնում է խաղաղության, ո՞ւր է այդ խաղաղությունը: Իրենք քարոզում են խաղաղություն ու մեզ վնաս տալիս: Եթե իրենք անում են, մենք գոնե պետք է պատասխանենք: Եթե իրենք խփում են մեր մի դիրքին, մենք պետք է խփենք իրենց 10 դիրքին, ինչպես նախկինում էր: Ուրիշ տարբերակ չկա, մենք լռում ենք, իրենք շարունակում են: Իսկ եթե փորձենք պատասխանել, ինձ թվում է՝ չի շարունակվելու: Եթե վախենում ենք մեծ պատերազմից, մենք պետք է դրան պատրաստ լինենք, ո՞ւմ է պետք այս վիճակով ապրելը, ինչո՞ւ ենք լռում»,- հավելեց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
15-10-2021 15:07