Ճգնաժամերի աննախադեպ կուտակումի երևույթի առջև է կանգնած Լիբանանը

Մեր զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Պարոն Գանտահարյան, ի՞նչ իրավիճակ է Բեյրութում, որտեղ նախօրեին պայթյուն է եղել, կան զոհեր: Քաղաքական լարվածությունն հիմնականում սկսվեց այն ժամանակ, երբ կառավարությանը պահանջ ներկայացվեց, հատկապես շիա համայնքը ներկայացնող կուսակցությունների կողմից պաշտոնազրկել նավահանգստի պայթյունի հետաքննութունը կատարած դատավորին, և այդ թղթածրարն իր լիազորություններից դուրս բերել: Նրանք կարծում են, որ այդտեղ դատավորը իրավական հարթությունից անցում էր կատարել քաղաքականի, այսինքն քաղաքականացված մոտեցումներ ուներ դատավորը: Սա միանշանակ չընկալվեց կառավարությունում և կառավարության նիստը նախագահի որոշմամբ հետաձգվեց հաջորդ օրվան: Հաջորդ օրը նիստը չկայացավ, հետաձգվեց: Մինչ այդ շիա համայնքի շրջանակները արդարադատության կենտրոնի ուղղությամբ ցույցեր անելու կոչեր արեցին: Մյուս կողմից նաև որոշակի առումով քաղաքացիական ակտիվիստներ, կազմակերպություններ և քրիստոնյա շրջանակի որոշակի ուժեր դա ընկալեցին որպես իրենց դեմ ուղղված քայլ, և կրոնական գունավորում տրվեց իրավիճակին: Բայց կարծում եմ՝ այստեղ նաև խնդիրը քաղաքական առումով պետք է դիտարկել հետևյալ հանգամանքները նկատի ունենալով. Առաջինը, որ այս գործող կառավարությունը բավական դյուրաբեկ իրավիճակում է և հիմնական գործառույթը պետք է լինի խորհրդարանական առաջիկա ընտրությունները կազմակերպել: Մայիսին էին նախատեսված ընտրությունները, սակայն ոչ պաշտոնական շրջանակները խոսում են մարտ ամսվա մասին: Հիմա մթնոլորտը թեժացավ, ենթահողը արդեն կար, բայց այս դատավորի խնդրով փողոց դուրս եկան, կրակոցներ եղան, բանակը փորձում է վերահսկել իրավիճակը: Միշտ չէ, որ բանակին դա հաջողվում է: Վերջին պահի դրությամբ բավականին հանգիստ է, բայց արձանագրված միջադեպերը շատ տխուր հիշատակներ արթնացրեցին քաղաքացիական պատերազմի ուղղությամբ: Հնարավորություն կա՞, որ Լիբանանը այս խորը ճգնաժամը կհաղթահարի: Լիբանանում ճգնաժամերի կուտակում է, որովհետև երկիրը ֆինանսական պաշարման մեջ է, միջազգային պաշարումը վերացնելու համար պայմաններ են դրվել, այդ թվում իրանյան ազդեցության չեզոքացման հետ կապված: Այսինքն մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տեղապտույտն է: Ընդհանրապես, միտումը նա է, երբ որ արտաքին արտալիբանանյան, միջազգային քաղաքական կենտրոններից հնչած և նաև ներլիբանանյան քաղաքացիական շարժման ակտիվիստների կողմից հնչած համակարգային փոփոխությունն է, համայնքայինից քաղաքացիական պետություն դառնալու առումով: Ֆինանսական պաշարումի հետևանքով ազգային արժույթը կտրուկ անկում է ապրել, արտարժույթը արժևորվել է, որի հետևանքով աննախադեպ սղաճ է գրանցվել: Ունենք գործազրկություն, համավարակի ճգնաժամ: Այդ ամենին գումարվել են անվտանգության առումով միջադեպերը, կրակոցները, վիրավորները: Այսինքն ճգնաժամերի աննախադեպ կուտակումի երևույթի առջև է կանգնած ամբողջ երկիրը: Ավելի շատ այս ճգնաժամը արտաքի՞ն հասցեատեր ունի: Կարծում եմ՝ այո, որովհետև արտաքին գործոնները շատ ազդեցիկ են: Լիբանանն ինքը, ցավոք, կառավարվող երկիր է, և գլխավոր խաղացողները ազդեցության գոտիներն ունեն: Գերտերությունների միջև կայացած համաձայնությունների կամ անհամաձայնությունների վայրիվերումներից է կախված Լիբանանի պետական և հասարակական իրավիճակը: Երբ որ որոշ հանգրվանում համախոհություն լինի նրանց միջև, դրա դրական հետևանքը կզգանք, իսկ եթե բախումնային լինի, դրա բացասական հետևանքը կզգանք: Այսինքն կարող եմ ասել, որ պրոքսի պատերազմ է իր քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության ուղղություններով:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
15-10-2021 18:15