Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

15-10-2021 19:04

Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: «Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ»,-ասաց պաշտպանը: Նա նշեց, որ պաշտպանական կողմը, թեև դեռ որոշման օրինակը չի ստացել, ծանոթ չէ բովանդակությանը, սակայն,  հաշվի առնելով այն փաստարկները, որոնք ներկայացվել էին իրենց բողոքի մեջ, համոզված էր, որ դա պետք է բավարարվեր: Պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել: «Չգիտեմ, թե որ ատյանով, չգիտեմ, թե երբ, հետագայում միջազգային որ դատարանում կստացվի, բայց հավաստիացնում եմ, որ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ լինելը արձանագրվելու է միանշանակ»,-պնդեց պաշտպանը: Տոնոյանը դատարանում ևս ներկայացրել է իր հակափաստարկները:

Lragir.am,
15-10-2021 19:04