Մեզ վերաբերող հարցերում Հայաստանն ուղղակի չունի որևէ կարգավիճակ, որպես գործոն բացակայում է

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Արցախում հրադադարը չի պահպանվում, ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը: Ինչ հունով էլ բանակցություններն ընթանան, գլխավոր խնդիրը մեր անվտանգային համակարգի վերականգնումն է: Սա ենթադրում է նաև ոչ ստանդարտ գործիքների կիրառում, որովհետև հետպատերազմյան իրավիճակում ռազմաքաղաքական իրադրությունն Արցախի և Հայաստանի շուրջ փոխվել է: Եվ այս պայմաններում բնական է՝ ավանդական միջոցները ոչ միշտ է, որ արդյունավետ են լինում: Այս պարագային գլխավոր խնդիրը պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների իրականացումը, որը պետք է սկսել մարտական հերթապահության կրումից և առաջնագծում անհրաժեշտ անվտանգային միջոցառումների իրականացումից, վերջացրած մնացած բոլոր ուղղությունները: Առաջնագիծը կարևորում եմ և այդ մասին առաջինն եմ նշում, որովհետև դրանից կախված են մարդկանց ճակատագրեր, դրանից է կախված նաև մեր պետական սահմանների կամ շփման գծում ստեղծված իրավիճակի հարցը: Եվ այս պայմաններում սահմանային ռեֆորմների իրականացումը մեծ հրատապություն պահանջող խնդիր է: Ես ինչու եմ կարևորում զինված ուժերի բարեփոխումների հարցը, որովհետև Ադրբեջանն օգտվում է մեր խոցելիությունից, այն քայլերի բացակայությունից, որոնց պետք է իրականացվեին հետպատերազմյան իրավիճակում: Եվ Ադրբեջանի համար սադրանք կազմակերպելը կամ իրավիճակի լարվածություն մտցնելը ոչ միայն հեշտ է, այլ դա ենթադրում է նաև մեր կողմից նյութական և մարդկային կորուստների գործոնը: Մյուս կողմից ակնհայտ է, ու բանակցային գործընթացը չի ընթանում Հայաստանի և Արցախի շահերի շրջանակներում, և Հայաստանի իշխանության քաղաքականության հետևանքով Հայաստանը ոչ միայն որպես գործոն մեր տարածաշրջանում բացակայում է, այլ մեզ վերաբերող հարցերում Հայաստանն ուղղակի չունի որևէ կարգավիճակ: Մեզ վերաբերող հարցերը լուծվում են տարբեր երկրների՝ ռեգիոնալ կամ աշխարահաքաղաքական բևեռների շահերի շրջանակներում: Այսինքն՝ նրանք լուծում են իրենց շահերին համապատասխան, և մենք շահում ենք միայն այն դեպքում, երբ մեր շահերը համընկնում են այլ երկրների շահերի հետ: Քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու հարցը, ի՞նչ սպասել այս գործընթացից: Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ կողմ է գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում առաջ մղելու հարցում, բայց ես չեմ տեսնում գործընթաց, հետևողականություն, ես չեմ տեսնում, որ այդ հայտարարություններն իրենց ներքո ունեն համակարգված աշխատանք, որն իրականացվում է համանախագահ երկրների հետ: Համանախագահ երկրները ևս հայտարարել են  իրենց պատրաստակամության մասին, հատկապես այդ տեսանկյունից ակտիվ են և ԱՄՆ-ն, և Ֆրանսիան, տարբեր բնույթի հայտարարություններ հնչել են նաև Ռուսաստանից: Բայց շատ կարևոր է հասկանալ, որ Թուրքիան ևս փորձում է ամեն գնով ձախողել այդ ֆորմատի վերականգնումը: Թուրքիայում կարծում են, որ ներկայում օրակարգ մտած 3+3՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան այդ ձևաչափը կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորատին: Եթե իրադարձություններն այդ հունով ընթանան, բնականաբար դա որևէ կերպ չի բխում Հայաստանի շահերից, քանի որ ավտոմատ կերպով Թուրքիան այդ գործընթացում դառնում է գործոն: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում Թուրքիան այս տարիների ընթացքում անընդհատ փորձել է տեղավորվել, բայց չի կարողացել: Հիմա գործընթացները բավական ծանր են: Եվ, ցավոք, Հայաստանը դիմադրության իմունիտետ չունի, որովհետև այս իշխանությունը սպառել է բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները, որոնք տարբեր իրավիճակներում կարող էին կիրառվել: Հայաստանը պետք է փորձի հասկանալ Իրանի, Ռուսաստանի, համանախագահ մյուս երկրների հետ ինչպես պետք է հարաբերությունները սինխրոնացնի, որ հնարավորություն ունենա նվազագույն կորուստներով, իսկ եթե հնարավոր է, առանց կորուստների դուրս գա այս ծանր գործընթացից: Բավական ծանր է լինելու և, ցավոք, չկան կադրային ու քաղաքական կամքի առումով այն հնարավորությունները, որոնք պետք է լինեին: Ես կարծում եմ՝ այս իշխանությունները նույնիսկ իրավիճակային գնահատական չեն կարողանում տալ, որի հիման վրա պետք է գործեն: Այսինքն՝ նույնիսկ խորությամբ չեն պատերացնում այն ամենը, ինչի մեջ հայտնվել ենք և ինչ կարող է մեզ սպասել հետագայում:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
15-10-2021 19:42