Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների վստահությունը նվազել է. չարաշահումների լուրեր են հասնում․ Փաստ

16-10-2021 08:38

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթների ընթացքում կառավարության շենքի դիմաց պարբերաբար հավաքվում են Արցախի տարբեր շրջաններում իրենց բնակավայրերն ու տները կորցրած արցախցիները՝ հադրութցիներ, քաշաթաղցիներ, քարվաճառցիներ և այլն: Բողոքի ցույցերի հիմնական խնդիրը պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ ՀՀ իշխանությունները պատշաճ քայլեր չեն իրականացնում տվյալ տարածքների բնակիչների կեցության հարցը լուծելու համար, և երկրորդ՝ այդ բողոքի մի մասն էլ ուղղված է Արցախի իշխանություններին, որովհետև ակցիայի մասնակիցները տարբեր փաստեր են բերում, թե ՀՀ-ից Արցախ ուղղվող գումարները պատշաճ չեն օգտագործվում՝ Արցախի իշխանությունները կա՛մ աննպատակ վատնում են, կամ ուղղակի յուրացնում՝ դնելով սեփական գրպանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում Արցախից տարբեր խողովակներով կապ են հաստատում Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ֆինանսական տարբեր չարաշահումների մասին տեղեկություններ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ Փաշինյանը հայաստանյան պետբյուջեից Արցախին հատկացվող գումարների մասով առանձին աուդիտ կազմակերպի, որպեսզի հասկանալի լինի, թե այդ հատկացումներն ի՞նչ ճակատագիր են ունենում և կոնկրետ ինչի՞ն են ծառայել: Հավելենք նաև, որ, մեր ունեցած տեղեկության համաձայն, վերջին շրջանում Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վստահությունը նկատելիորեն նվազել է, ուղղակի նրանով դեռևս չեն զբաղվում, որովհետև դրա ժամանակը չունեն առայժմ»:

Lragir.am,
16-10-2021 08:38