Պուտինը խոսեց Արցախի մասին ու կրկին սպառնաց պատերազմով

16-10-2021 10:44

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանսում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն է: Մեկնաբանելով Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշեց. «Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»: Ըստ ամենայնի, հենց Պուտինի ռուսական իմաստությունը հաստատելու համար էին նախօրեին Բաքվի զինվորականները հարձակվել Արցախի ՊԲ դիրքերի վրա, վիրավորելով 6 հայ զինծառայողի, ինչպես նաեւ կրակել այլ ուղղություններով: Ռուս խաղաղապահների՝ «հրադադարի ռեժիմի երաշխավորությունը» վերաբերում է Մոսկվայի ծրագրերի իրականացմանը, Բաքվի համապատասխան դերակատարմամբ: Դա նախեւառաջ Արցախի կարգավիճակի հարցի փակումն է, Արցախի «վերաինտեգրումն Ադրբեջանին», ինչպես նաեւ Հայաստանի հնարավոր նախաձեռնությունների զսպումը՝ պատերազմի սպառնալիքով: Ռուսական զորախումբն Արցախում է կարգավիճակի վերացման եւ Շուշին ու Հադրութը Բաքվին հանձնելու դիմաց: Նախօրեին Արցախի ՊԲ դիրքերի վրա հարձակումը ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրում արձանագրված է ընդհանուր, չի նշվում հրադադարի խախտողի ու հայ վիրավորների մասին: Հայերը պետք է բավարարվեն միայն «վատ խաղաղությամբ»՝ առանց քաղաքական իրավունքների ու երաշխիքների: ՀՀ եւ Արցախի պաշտոնյաներն ու ընդդիմադիրները Բաքվի յուրաքանչյուր ահաբեկչությունից հետո կրկնում են բերանացի արված տեքստը՝ «դրանով Բաքուն փորձում է կասկածի տակ դնել, հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը»: Մեկ այլ իրավիճակում, օրինակ՝ պահանջատիրության պարագայում գուցե այս արտահայտությունն իմաստ ունենար, սակայն տվյալ դեպքում ակնհայտ է ռուսական զորախմբի վրայից պատասխանատվությունը հանելու հրահանգը: Բաքվի «դժգոհությունները» ռուս խաղաղապահներից, ինչպես նաեւ հայ մամուլում խաղաղապահների շուրջ հյուսվող հեքիաթները քարոզչական նույն ժանրից են: Նպատակը հայերին համոզելն է, որ ընտրություն չկա՝ պատերազմ, կամ սողացող պատերազմ՝ սա է առաջարկվում հայերին: Ավելորդ է ասել, որ հետեւանքը նույնն է լինելու: Ընտրություն կա, եւ այն սկսում է հստակ պահանջներից ու հրադադարի երաշխավորի պատասխանատվության շեշտադրումից: ՀՀ եւ Արցախի ռուսահպատակ վարչակազմերն ու խորհրդարանական ընդդիմությունը չեն դնում նման պահանջներ, եւ ոչ միայն այդ հարցում:

Lragir.am,
16-10-2021 10:44