Մեկնարկեց Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը

16-10-2021 11:39

Գյումրիում պաշտոնապես մեկնարկեցին Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները: Մինչ այս, Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով․ այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում, հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում, այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում, վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում, ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների իրականցում: Հոկտեմբերի 14-ին այգու շինարարական աշխատանքների մեկնարկը ազդարարվեց խորհրդանշական միջոցառմամբ․ այգու նախկին տնօրենի դուստրը՝ Նարինե Ազարյանը գյումրեցի երիտասարդների մասնակցությամբ արխիվային թղթադրամ տեղադրեց այգու տարածքում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գյումրի համայնքի բնակիչներ, արվեստագետներ և քաղաքի հյուրեր: «Այսպիսի հրաշալի ենթակառուցվածքները լուրջ ձգողության կետեր են առաջացնում ընդհանրապես Հայաստանի համար, և մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, կունենան ևս մեկ լավ առիթ այցելելու Գյումրի: Բոլորիս շնորհավորում եմ այս լավ նախագիծը սկսելու առիթով և մաղթում, որ գյումրեցիները հնարավորինս շուտ ունենան այս այգին»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող և 7,2 հա տարածք զբաղեցնող այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,8 մլն դոլար, որից 3,2 մլն դոլարն արդեն ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից: ՀՀ կառավարությունը 1,6  մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում: «Ես շնորհակալ եմ թե՛ համայնքի ղեկավարությանը, թե՛ կառավարությանը, թե՛ Համաշխարհային բանկին, թե՛ «Ազնավուր» հիմնադրամին ու մեր բոլոր գործընկերներին, որոնք արել են ամեն ինչ, որպեսզի այս նախագիծն իրականանա: Ես վստահ եմ, որ այգին կդառնա Գյումրիի ամենասիրված վայրերից մեկը: Սա հավակնոտ նախագիծ է, որը ժամանակ, աշխատանք ու ներդրումներ է պահանջում: Ուստի, եկեք այնպես անենք, որ այս այգին իսկապես օրինակ դառնա աշխարհի համար, ոչ միայն Հայաստանի ու Գյումրիի»,- ասաց «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Վերականգնված Բարեկամության այգին ոչ միայն կխթանի Գյումրիի զբոսաշրջային աճը, այլև կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ հանդիսանալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, և արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջև: «Ուրախ եմ, որ նման մեծ նախագծի սկիզբ ենք դնում: Կառավարություն, համայնք և հիմնադրամ եռանկյունու համագործակցությամբ մենք կունենանք հրաշալի միջավայր Գյումրիում: Մոտ 900 միլիոն դրամի աշխատանքներ կիրականացվեն և այգու հարակից տարածքը իր ենթակառուցվածքներով ամբողջությամբ կբարեկարգվի: Բոլորս ամեն ինչ կանենք, որ այն ինչ մեր մտքում է, գաղափարներում և թղթի վրա, դառնա գեղեցիկ իրականություն»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Միջոցառման ավարտին մասնակիցները կարճ շրջայց ունեցան այգու տարածքում կոնցեպտուալ նախագծի հեղինակների և նախագծում մասնակցություն ունեցող համայնքի երիտասարդների ուղեկցությամբ:  *** «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամի մասին «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը (Գյումրի, Դիլիջան, Տաթև, Արցախ և Երևան): Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր:

Lragir.am,
16-10-2021 11:39