Ճապոնիայում հայ մարմնամարզիկին մեկուսացրել են կովիդի դրական թեստի պատճառով

16-10-2021 14:04

Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի մարմնամարզության աշխարհի առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «ՀՀ-ից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել ենք covid-19-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական: Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում: Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19-ը թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել: Հավելեմ նաև, որ այս ԱԱ-ն ոչ պատշաճ կերպով է կազմակերպված», – ասված է ՀՄՖ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը հայտավորել է 3 մարզիկ: Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը պետք է հանդես գան նժույգթափերում, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակների վրա:

Lragir.am,
16-10-2021 14:04