Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացում է իրականացվում

Ադրբեջանն Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացում է իրականացնում: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը «Ադրբեջանը միշտ էլ ունեցել է երկու լծակ: Մեկը հայկական հուշարձանների աղվանականացումը, վերանվանումն ու ժխտումն է, մյուսը՝ ոչնչացումը: Եվ նայած, թե ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակ է, այդ տարբերակներից մեկն է ընտրում: Ես կարծում եմ՝ հիմա իրենք ավելի նախընտրել են ոչ թե հուշարձանների ոչնչացումը, այլ դրանց բռնայուրացումը: Ավելին, հետին պլան են փորձում մղել ակնհայտ հայտնի հուշարձանների հանդեպ ոտնձգությունները: Այսինքն՝ գործ ունենք բավական խորամանկ ու ճարպիկ թշնամու հետ: Այո, որոշ բաներ ավերել ու ոչնչացրել են, երբ հարցնում են՝ ինչո՞ւ եք ոչնչացրել, ասում են՝ մենք ճանապարհ ենք կառուցում, «դա օկուպանտների դրած հուշարձանն է, չենք կարող հանդուրժել»: Բայց ակնհայտ դասական հուշարձանների միտումնավոր ոչնչացումից հիմա խուսափում են: Սա ամենևին չի նշանակում, որ իրենք դա չեն անելու, ինչպես արեցին Ջուղայի դեպքում: Դա ուղղակի ցույց է տալիս, որ մենք այդ թշնամու իրական խորամանկությունը, նրա քայլերի հաշվարկվածությունը շատ թերագնահատում ենք: Անընդհատ ասում ենք՝ իրենք ոչնչանցում են: Բայց իրենք միայն չեն ոչնչացնում, ճիշտ կլինի այդ գործընթացն անվանել բռնայուրացում, որի մեջ կեղծ գիտական փաստարկներ են բերում, վերանվանումներ, գործառույթի փոփոխություններ են անում: Ուդիական սուտ համայնքի ստեղծումը և մյուս քայլերն անմիջապես չեն ոչնչացնում հուշարձանները, բայց տրամվա են հասցնում այն հանրույթին, որի նախնիները դա ստեղծել են»,- ասաց Համլետ Պետրոսյանը: Հարցին, թե արդյոք հայկական կողմը համարժեք պատասխան տալիս է, և ինչ քայլեր պետք է անել, մասնագետը պատասխանեց․ «Եթե խոսք է գնում համարժեք արձագանքի մասին, նշանակում է մենք էլ նույնկերպ պետք է նախաձեռնողականություն դրսևորենք, հայտարարություններ անենք պետական բարձր մակարդակով: Ես նույնիսկ չեմ էլ կարող գնահատել ինչպիսին է իրավիճակը: Ալիևը դարձել է Ադրբեջանի գլխավոր պատմաբանը, հուշարձանագետը և իր բոլոր ելույթներում հատուկ տեղ է հատկացնում այդ ամենին, որը նրանց քաղաքականությունն է: Մեր կողմից, իհարկե, նման արձագանք չկա: Բայց այն, որ միջազգային կառույցներում բարձրացված հարցերի վերաբերյալ առայժմ որևէ որոշում չկա, որն ուղղված կլինի այդ ամենը կամ մերժելուն կամ շտկելուն, փաստ է»: Ըստ Պետրոսյանի՝ միայն վերջերս ԵԽԽՎ ընդունած բանաձևում կարևորվում են որոշ խնդիրներ, հատկապես հուշարձանների աղվանականացումը, վերանվանումը և այլն, որը չգիտենք, թե ինչ ելք կունենա: «Ես կարծում եմ՝ առանձին անհատների, գիտական առանձին խմբերի, հասարակական կազմակերպությունների կողմից կան համապատասխան նախաձեռնություն, ջանքեր: Թե ինչի կհանգեցնի այդ ամենը, շատ դժվար է ասել: Մենք էլ ամենամեծ կայքն ենք ստեղծել, բայց հույս ունենալ, որ դա ինչ-որ բան կփոխի, երբ դու այդքան տկար ես, թույլ ես, շատ դժվար է: Բոլոր դեպքերում մշակույթի հարցերը չեն լուծում մշակութաբանները, հետազոտողները: Մշակույթի հարցը լուծում են բանակները, պետությունները, ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչն այսօրվա Հայաստանի դեպքում շատ դժվար է պնդել»,- հավելեց նա: Ըստ Համլետ Պետրոսյանի՝ որպեսզի պատասխանենք հարցին, թե ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում, նախ պետք է պատասխանենք հարցին, թե ո՞վ պետք է անի: «Մենք ունենք պետություն, որի պաշտպանական համակարգը համարյա կաթվածահար է, մենք ունենք գերատեսչություններ, որոնք ի վիճակի էլ չեն այդ ամենն իրագործելու: Եվ ունենք առանձին խմբեր ու անհատներ: Այսօր, ինչպես միշտ, ծանրությունը դրված է առանձին մասնագիտական խմբերի ու մասնագետների վրա, ինչը բացարձակ ընդունելի չէ: Այսինքն՝ մենք պետք է հստակ պատասխանենք հարցին, թե ո՞վ պետք է այդ գործն անի», նշեց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
16-10-2021 16:35