Կրեմլի շտապ որոշումը․ գրոհ հայ ինքնության հենասյուների դեմ

16-10-2021 18:20

Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչություն բացելու ՌՈՒԵ Սինոդի շտապ որոշումը լայն արձագանք է գտել ռուսական մամուլում: Որոշումը կայացվեց Մոսկվայում Գարեգին Բ կաթողիկոսի ու Մոսկվայի պատրիարք Կիրիլ միտրոպոլիտի հանդիպումից առաջ, ինչպես նշվեց տեղեկատվական հոսքերում՝ Գարեգին Բ-ի առաջարկից հետո: Նովայա գազետան գրում է, որ Մոսկվայում Կիրիլի, Գարեգին Բ-ի եւ Բաքվի մուսուլմանների ղեկավարի հանդիպումից երկու օր անց շտապ առցանց ռեժիմով տեղի է ունեցել Սինոդի նիստ, որտեղ որոշվել է հիմնել Երեւանյան-հայկական թեմը: Թերթը գրում է, որ Ռուսական եկեղեցին միշտ հարգել է դեռ 4-րդ դարում հիմնված Հայ եկեղեցու ինքնիշխանությունը եւ երբեք չի ներխուժել նրա տարածք, իսկ Հայաստանում գոյություն ունեցող ռուսական եկեղեցիները ենթարկվում էին ՌԴ տարածքում գործող թեմերին: Թերթի գնահատմամբ, Երեւանում թեմի ստեղծումը նշանակում է, որ չի ճանաչվում հայկական հիերարխիան Գարեգին Բ-ի գլխավորությամբ, թեեւ Հայ եկեղեցու անկախությունը (ավտոկեֆալիա) հազար տարով հին է ՌՈՒԵ-ից: Թերթը գրում է, որ սա քաղաքական որոշում է, քանի որ Հայաստանում չկան առանձին թեմի համար բավարար թվով ռուսական եկեղեցիներ ու այցելուներ, եւ այդ քաղաքական որոշումը կապված է Ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանի դիրքորոշման հետ:   ՌՈՒԵ Երեւանյան-հայկական թեմի առաջնորդ Լեոնիդ   Թերթը գրում է, որ ՌՈՒԵ երեւանյան թեմի առաջնորդ է նշանակվել Մոսկվայի պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի փոխնախագահ արքեպիսկոպոս Լեոնիդը, ով ռուսական եկեղեցու «էքսպանսիայի» փորձ ունի, եւ «պատրիարք Կիրիլը նրան որոշել է նշանակել այլոց կանոնիկ տարածքների զավթման պատասխանատու»: Կրեմլի քարոզչության գործիք Ռեգնումն իր հերթին նույնպես ընդգծում է ՌՈՒ թեմի բացման եւ Արցախյան 2020-ի պատերազմի կապը: Ըստ հոդվածագրի՝ վիճելի է մնում հարցը, թե «որ թեմին են պատկանելու ուղղափառ հնարավոր տաճարները Լեռնային Ղարաբաղում: Դրանք կարող էին փոխանցվել ՌՈՒԵ Բաքվի թեմին: Բայց քանի որ Մոսկվայի պատրիարքարանն ու Հայ Առաքելական եկեղեցին պայմանավորվել են Երեւանյան-հայկական թեմի բացման մասին, չի բացառվում, որ հենց այդ թեմը կկառավարի ուղղափառներին Լեռնային Ղարաբաղում», գրում է կայքը: Արցախում «ուղղափառ հնարավոր տաճարների» տակ պետք է հասկանալ հայկական եկեղեցիները, քանի որ ռուսական եկեղեցիներ չկան: Ռուսական քարոզչության համար սովորական երեւույթ է հասկացությունների ու եզրաբանության նենգափոխումը: Օրինակ, երբ ՌԴ պաշտոնյաները խոսում են Ղարաբաղում մշակութային-կրոնական ժառանգության մասին, երբեք չի նշվում հայկական բառը: Ի դեպ, Մոսկվայում հոգեւոր առաջնորդների հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ ընդհանրապես բացակայում են Լեռնային Ղարաբաղ եւ հայկական ժառանգություն հասկացությունները:   Համատեղ հայտարարությունը Մոսկվայում   Արցախում հայկական հազարամյա եկեղեցիների յուրացումն իրականացնում է Ստալինի ստեղծած Մոսկվայի պատրիարքարանը, որը Կրեմլի քաղաքականության գործիքն է: ՌՈՒԵ Բաքվի թեմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան, իսկ յուրացումն էլ բացատրվել է զբոսաշրջիկների ու ռուս զինվորականների հոգեւոր կարիքները բավարարելու անհրաժեշտությամբ: «Քանի որ այդ տարածքներում չկան ռուսական ուղղափառ եկեղեցիներ, ՌՈՒԵ Բաքվի թեմին կարող են հանձնվել «հայկականի վերափոխված ալբանական ուղղափառ եկեղեցիները», գրել էին Բաքվի ԶԼՄ-ները: Ռեգնումի հոդվածում փաստացի ակնարկվում է, որ Երեւանում ՌՈՒԵ թեմի բացումը կարող է կապված լինել այդ եկեղեցիները Բաքվի թեմին չանցնելու «պայմանով»: Ինչպես տեսնում ենք, ՌՈՒԵ-ն կրկնում է Կրեմլի քաղաքական հնարքները, Կրեմլի հրահանգով իրականացնելով ռազմական գործողություններին իր հետեւանքներով գերազանցող՝ Հայաստանի դեմ կրոնական-քաղաքակրթական պատերազմը, որն ուղղված է հայկական ինքնության երկու հիմնասյուների՝ հավատքի ու լեզվի դեմ: Սինոդի որոշման օրը Լավրովը հայտարարեց Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու ծրագրի մեկնարկի մասին: Ռեգնումը գրում է, թե խոսք չկա հայկական եկեղեցիների յուրացման եւ Հայ առաքելական հոտի՝ ռուսական եկեղեցի գայթակղելու մասին: Եթե դա գրում է Ռեգնումը, ուրեմն հենց դա էլ ծրագրվում է: Կրեմլի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ենթադրում է ոչ միայն ՀՀ մասնատումը, այլեւ հայ ինքնության ոչնչացումը: Եվ բնական է, որ այդ գործընթացը պետք է կառավարվի հենց Երեւանից: Հայ եկեղեցիների յուրացումն Ալլահշուքյուրի քմահաճույքներին վերագրող Գարեգին Վեհափառը պատկերացրե՞լ է այս քաղաքականության ծավալն ու խորությունը:

Lragir.am,
16-10-2021 18:20