Ուկրաինայում նշելու են Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակը

16-10-2021 20:28

«Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա «Ուկրաինայի հայկական եկեղեցական կազմակերպությունները պատմական հեռանկարում. Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակին ընդառաջ» միջազգային գիտագործնական համաժողովը: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը: Համաժողովը Կիեւում կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինական թեմը՝ Լվովի Արվեստների ազգային ակադեմիայի, «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի դավանաբանների ասոցիացիայի (ՈւԿԱ), Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) հետ համատեղ: Միջոցառման թեմատիկան ընդգրկում է Ուկրաինայում հայ համայնքի կրոնամշակութային կյանքի հարցերի լայն շրջանակ: Ինչպես տեղեկացրել է ուկրաինացի հայտնի գիտնական Իրինա Գայուկը, համաժողովի շրջանակում տեղի կունենա «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն եւ արդիականություն» ցուցահանդեսի բացումը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայի հայ համայնքի գործունեության հիմնական ուղղություններից է: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն՝ եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր: Հիշեցնենք, որ այս տարի երկրում նշվել է Կամենեց Պոդոլսկի Հայ Աստվածամոր սրբապատկերի տոնի հռչակման 230-ամյակը:

Lragir.am,
16-10-2021 20:28