Հաագայի դատարանից իմ ակնկալիքները շատ համեստ են․ մեր պահանջն այդքան կոշտ չէ

Lragir.am-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Տիկին Ալավերդյան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Ի՞նչ սպասել այդ գործընթացից: Իմ ակնկալիքները շատ համեստ են: Ես խնդիրը տեսնում եմ ոչ թե նրանում, թե ինչպես կավարտվի այս գործը, այլ ինչքան կհերիքի այս դիմադրության պոտենցիալը: Ես մեր դատական ու իրավաբանների կազմը շատ լավ ճանաչում եմ, բայց այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է, քան զուտ մեկ առանձին գործընթաց: Ինչո՞ւ են համեստ իմ ակնկալիքները: Այստեղ խոսքը ոչ թե իրավաբանական գիտելիքների ու պրոֆեսիոնալիզմի, այլ քաղաքացիական խիզախության մասին է: Իսկ դրա դեֆիցիտը ես միշտ ընդգծել եմ Հայաստանում: Մենք խնդիր ունենք քաղաքացիական խիազախության, քաղաքացիական դիրքորոշման պարզ ու ազնիվ արտահայտելու հետ: Եվ միայն մեր երկրում չէ այս աղբը, բայց մեր երկրում շատ է: Այսօր շատ քիչ մարդիկ են, որոնք արտահայտում են իրենց դիրքորոշումը՝ չվախենալով: Մեր ինտելեկտուալ վերնախավի, ակադեմիական շրջանակների պասիվությունն այսօր հավասարազոր է հանցագործ անտարբերության: Ես միշտ իմ հարգանքը արտահայտել եմ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նկատմամբ, նա պրոֆեսիոնալ է: Բայց խնդիրը հետևյալն է՝ երբ ինքը միջազգային դատարանում ներկայացնում է պետությունը, այստեղ շատ կարևոր է, թե որն է պետության ռազմավարությունն ու քաղաքականությունը: Եվ այստեղ է, որ կարող է առաջին խոչընդոտը լինել, ինքը չի կարող գործել իշխանության դիրքորոշումից անկախ: Այսինքն՝ մենք մինչև ո՞ւր կգնանք: Երկրորդ խոչընդոտը՝ մենք այս տարիների ընթացքում թույլ ենք տվել, որ աշխարհով մեկ, այդ թվում՝ ՄԱԿ-ում Արցախի հիմնահարցի, Ադրբեջանի դերակատարության մասով ամբողջովին խեղաթյուրված պատկեր լինի: Ես տարիներ շարունակ ասել եմ՝ չկա տարածաշրջանում Արցախի հարց, կա Ադրբեջանի հարց: Ադրբեջանն է տարածաշրջանում ներկայացնում անվտանգության ամենամեծ սպառնալիքը: Տարիներ շարունակ մենք պասիվ գործելաոճ ենք ունեցել աշխարհում: Այլ խոչընդոտներ չկան, պրոֆեսիոնալիզմի վրա ես չեմ կասկածում, այդ փաթեթը կազմվել է բարձր մակարդակով, նաև ՄԻՊ Արման Թաթոյանի և իր աշխատակազմի կողմից արված փաստահավաք աշխատանքն է ներառված: Երբ ասում եմ՝ սպասելիքներս համեստ են, նկատի ունեմ, որ ՄԱԿ-ի դատարանում մեր պահանջն այդքան կոշտ չէ: Մենք հրատապ լուծում պահանջող խնդիրներ ենք դրել, լինի գերիների, թե այլ հարց: Եվ չի բացառվում, որ կընդունվի միջազգային իրավունքին համապատասխան որոշում: Այստեղ մեր խնդիրը բոլորովին այլ է լինելու՝ դրա կատարումն ինչպե՞ս է ապահովվելու այն դեպքում, երբ խոսքը Ադրբեջանի պես պետության մասին է: Իլհամ Ալիևը մի քանի տարի առաջ, եթե չեմ սխալվում, հենց ՄԱԿ-ի ամբիոնից ասել է, որ հիմա միջազգային իրավունքը չի գործում: Նա ոչ թե խախտում է միջազգային իրավունքը, նա հակադրվում է դրան, ասում է՝ դա արդեն չի աշխատում: Եվ դրա համար Ալիևն այսօր լկտիաբար ասում է՝ «մենք հարցը լուծել ենք ուժով» և համարում է, որ ինքը ճիշտ է: ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա հանցագործություն է: Իսկ Ալիևին թույլ են տալիս դրանով պարծենալ, իրեն տրամադրում են հարթակներ: Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում: Ես կարծում եմ, որ մենք նախ և առաջ պետք է շարունակենք արդար դաշտում պայքարել, այնտեղ, որտեղ չկա որևէ մանիպուլյացիա: Առանց այն էլ մանիպուլյացիաներ լինելու են, և մեր հաղթական քարտը մաքուր իրավունքի դաշտում աշխատելը կլինի: Եվ ես կարծում եմ, այդ ուժը մենք ունենք, մնում է իմ ասած խոչընդոտները վերացվեն: Այսինքն՝ ես նկատի ունեմ, որ երկիրը քաղաքական կամք պետք է դրսևորի: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ՝ 1990-ական թվականներին մենք ՄԱԿ գործեր ենք ներկայացրել Մարաղայի հարցով: Բայց մեր քաղաքական կամքի բացակայության պատճառով այդ գործը շարունակություն չի ունեցել: Այսինքն՝ տառապանքս փորձ ունի: Արցախում վտանգված է խաղաղ բնակչության կյանքը, հրադադարը պարբերաբար խախտվում է, ի՞նչ պետք է անել այս պայմաններում: Այս իրավիճակում կա երկու հարց, որին մեր կառավարությունը պիտի պատասխանի: Երբ անընդհատ խոսում են Արցախի կարգավիճակի մասին, ի՞նչ կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում, թե՞ Ադրբեջանի կազմից դուրս: Դա շատ պարզ հարց է, որին պարտավոր են պատասխանել: Երկրորդ, իշխանությունները թող պատասխանեն հարցին՝ ճանաչո՞ւմ են Արցախի Հանրապետության կայացման լեգալությունն ու լեգիտիմությունը: Մենք 1996 թվականից գործող ի պաշտպանություն ԼՂՀ-ի կազմակերչական կոմիտեի շրջանակներում այս հարցը դրել ենք բոլոր իշխանությունների առջև: Այս երկու հարցին թող պատասխանեն: Երաշխիքը ոչ միայն պահպանվող տարածքներն են, այլ մեր գաղափարն ու ռազմավարությունն է: Մենք պարտավոր ենք քայլեր անել, այս հարցերին տալ պատասխան: Ինչո՞ւ, որովհետև երբ դու գնում ես բանակցությունների, ապա պետք է ունենաս քո դիրքորոշումը: Եթե դու չունես այդ հստակ դիրքորոշումը, ապա գնում ես ենթարկվելու նրան, ինչ կասեն ուրիշները:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
16-10-2021 20:53