Նոր թափ հաղորդելով ագրոպարենային համակարգերի փոխակերպմանը՝ սովին վերջ դնելու պայքարում

16-10-2021 23:00

Քյու Դոնգյու, Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Այս տարվա Պարենի համաշխարհային օրը պատմական է: COVID-19 համավարակը շարունակում է համաշխարհային մարտահրավեր մնալ, պատճառելով անասելի վնասներ ու խնդիրներ: Կլիմայի փոփոխության ազդեցությունն ամենուր մեր շուրջն է:  Մշակաբույսերի դաշտերը հրո ճարակ են դարձել:  Անձրևները սրբել-տարել են մարդկանց տները: Հակամարտությունների և այլ հումանիտար ճգնաժամերի արդյունքում մարդկանց կենսապայմանները, նրանց կյանքերը փոթորկալից իրադարձությունների կենտրոնում են հայտնվել: Տարիներ շարունակ համաշխարհային պարենային անվտանգությունն այսչափ վտանգված չի եղել, որքան հիմա: Այսուհանդերձ, այս պայմաններում ոգևորիչ խթան և էներգիայի աղբյուր է այն փաստը, որ ջանում ենք վերանայել սննդամթերքի արտադրության, պահպանման, բաշխման և սպառման եղանակները: Մենք սկսել ենք առերեսվել խնդիրներին և կառուցվածքները մեզ համար առավել նպատակահարմար դարձնել: Անցած ամիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի կողմից անցկացված ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողովում ընդհանուր գծերով քարտեզագրվեց ագրոպարենային համակարգերի գլոբալ վերափոխման հետագա ուղղությունն ու ընթացքը: Այս հավաքի ամփոփիչ դրույթը հետևյալն էր. «Նյու Յորքից մինչև Հռոմ», որտեղ գտնվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և ՄԱԿ-ի պարենի գծով մյուս քույր գործակալությունները: Մենք ՊԳԿ-ում արդեն ծալել ենք մեր թևքերը և լծվել իրականացման գործնական աշխատանքին ու վերափոխման խթանմանը: Այստեղ, Իտալիայի մայրաքաղաքում անցած ամսվա սկզբին հաջողությամբ գումարվեց նախադեպը չունեցող Պարենի համաշխարհային ֆորում, որի ակտիվ կազմակերպիչները աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ էին, ՊԳԿ-ի և քույր գործակալությունների երիտասարդ ներկայացուցիչներ, որի նպատակը մեր երիտասարդ սերունդների ստեղծարարության և դիմակայունության խթանումն էր: Այսօր ամենաշատը նրանց շահերն են վտանգված: Նրանք են, որ պետք է կրեն կլիմայական ճգնաժամի և պարենային համակարգերի խաթարման անմիջական հետևանքները:  Միևնույն ժամանակ, աշխարհում ապրող 10-ից 24 տարեկան 1.8 միլիարդ երիտասարդ, որոնց շուրջ 90 տոկոսն ապրում են զարգացող երկրներում, անսահմանափակ ներուժ են ապահովում: Մենք արդեն սկսել ենք դա ներառել իրազեկման մեծածավալ աշխատանքներում, ամբողջական լուծումների և երիտասարդների առաջնորդությամբ փոփոխություններին ուղղված կոնկրետ գործողությունների մեջ: Անշուշտ, միայն երիտասարդները չեն, որ պետք է մտահոգվեն մեր ագրոպարենային համակարգերի աննպատակահարմար լինելու և դրանք առավել արդյունավետ, ներառական, դիմացկուն և կենսակայուն դարձնելու համար: Նույնիսկ այն բանից առաջ, երբ COVID-19-ը երևան բերեց գլոբալ պարենային համակարգերի խոցելիությունը, հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում արդեն իսկ տառապում էին սովից, և այդ թիվը վերջին տարվա ընթացում հասավ մինչև 811 միլիոնի՝ չնայած նրան, որ աշխարհը բավականաչափ սննդամթերք է արտադրում բոլորիս կերակրելու համար: Սա աներևակայելի է և անընդունելի: Սրան զուգահեռ մեր արտադրած սննդամթերքի 14 տոկոսը կորչում է, իսկ 17 տոկոսը՝ վատնվում: Համադրելով սա սթրես առաջացնող այլ գործոնների հետ, ինչպիսիք են վնասատուները և հիվանդությունները**, բնական աղետները, կենսաբազմազանության կորուստը և բնական կենսամիջավայրի ոչնչացումը, ինչպես նաև հակամարտությունները, դուք կարող եք տեսնել սննդամթերքի օրեցօր աճող կարիքի բավարարման խնդրի մեծությունը, միևնույն ժամանակ նվազեցնելով ագրոպարենային համակարգերի բնապահպանական և կլիմայական ազդեցությունները: ՊԳԿ-ն որպես պարենի և գյուղատնտեսության ոլորտի առաջատար գործակալություն, մշակել է գործիքակազմ, որը, մեր համոզմամբ, կարող է օգնել մեզ ազդելու այս բարդ համակարգային հիմնախնդիրներից շատերի վրա: Մենք հստակ պատկերացնում ենք, թե ուր ենք գնում, որոնք եզրագծված են հետևյալ նպատակներով. ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք: Եվ մեր աշխատանքն հիմնավորվում է առաջիկա տասը տարիների համար նախատեսված 2022-2031 թթ. նոր ռազմավարական փաստաթղթով, որը սահմանում է չորս «ավելի լավ»-երի իրագործման համար անհրաժեշտ կոնկրետ գործողություններ և միջոցներ, որտեղ ոչ ոք անտեսված չէ: ՊԳԿ-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը սովին վերջ դնելու համար տարեկան 40-ից 50 միլիարդ ԱՄՆ դոլար պետք է ներդրվի նպատակային միջամտությունների համար: Կան բազմաթիվ ցածրարժեք, սակայն մեծ ազդեցություն ունեցող նախագծեր, որոնք միլիոնավոր մարդկանց կարող են օգնել ավելի արդյունավետորեն բավարարել սննդամթերքի կարիքը: Օրինակ՝ գյուղատնտեսությունը տեխնոլոգիապես առավել զարգացնելու նպատակով հետազոտության և մշակման ոլորտում կատարվող նպատակային միջամտությունները, թվային գյուղատնտեսության նորամուծությունները և կանանց շրջանում գրագիտության մակարդակի բարձրացումը կարող են մեծապես նպաստել սովի կրճատմանը: Այսուհանդերձ, կան նաև այլ կարևոր տարրեր, ինչպիսիք են ավելի որակյալ տվյալները, կառավարումն ու ինստիտուտները, որոնք նույնպես պետք է բանաձևին ավելացվեն: Բացի այդ, մեր մոտեցումը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե այն հիմնված է կառավարությունների և առանցքային գործընկերների համատեղ աշխատանքի վրա, որոնք դեպի վերափոխում տանող իրենց սեփական, ազգային ուղին են կերտում՝ ելնելով իրենց բնորոշ պայմաններից ու կարիքներից: Մենք պետք է նաև գիտակցենք, որ գիտնականները, բյուրոկրատները, և անգամ սննդամթերք արտադրողներն ու բաշխողները երբեք իրենց ուժերով ի զորու չեն անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչել: Վերափոխումը կարող է և պետք է սկզբնավորվի շարքային սպառողների պրագմատիկ և կոնկրետ գործողություններով և մեր կատարած ընտրություններով: Այն որոշումները, որոնք մենք ամեն օր կայացնում ենք մեր ամենօրյա սննդամթերքի, դրանց ձեռքբերման, փաթեթավորման, դեն նետվող սննդի քանակի վերաբերյալ, այս բոլորն ազդում են մեր ագրոպարենային համակարգերի և այս մոլորակի ապագայի վրա: Մենք բոլորս պարեն արտադրող հերոս դառնալու ներուժ ունենք: Մեր գործողությունները մեր ապագան են: Մեր ագրոպարենային համակարգերի վերափոխման գործընթացը և գլոբալ սովի, առողջ սննդակարգի, շրջակա միջավայրի վնասների և թափոնների վրա ազդեցությունը սկսվում է քեզնից և ինձնից: Բայց և միայն մեզանով չի այն ավարտվում: Հին ասացվածքն ասում է. «Մենք այն ենք, ինչ ուտում ենք»: Նմանապես ճիշտ է, որ մեր երեխաների ու թոռների զարգացման ձևը մեծապես պայմանավորված է մեր սպառած սննդամթերքով: Նրանք պետք է զորավիգ լինեն մեր հույսերին: Եկեք միասին սովորենք, միասին աշխատենք և միասին ներդնենք:

Lragir.am,
16-10-2021 23:00