Ռուսաստանը սկսում է խաղալ մարդկանց վախերի և անվտանգային համակարգի հետ: Ամենապարզ ու հեշտ ձևը հարձակումներն են

Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Պարոն Խզմալյան, երկու օր առաջ Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով 6 վիրավոր ունենք, որից հետո տեսանք Ռուսաստանի ՊՆ-ի արձագանքը, որում չի ասվում, թե ով է խախտել հրադադարը, խոսք չկա 6 հայ վիրավորների մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Ռուսաստանի կողմից նման արձագանքը միանգամայն բնական է: Ռուսաստանը վաճառում է անվտանգությունը կամ այն, ինչ համարում է անվտանգություն, իր ներկայության դիմաց: Դա Ռուսաստանի հին և գրեթե անփոփոխ մարտավարությունն է: Իսկ ինչո՞ւ այդ ամենն ավարտվեց այդպիսի ողբերգական ձևով, երբ դա տեղի ունեցավ այսպես կոչված ռուս խաղաղապահների աչքի առջև կամ իրենց ներկայությամբ, կամ միգուցե շատ հավանական է, որ նաև ռուսների դրդմամբ, որովհետև Հայաստանը վերջին շրջանում ավելացնում է իր քաշը Իրանի, Հնդկաստանի հետ տարածաշրջանային զարգացումներով, այն պայմաններում, երբ Ֆրանսիայի ակտիվությունը, Մինսկի խմբի վերադարձը խառնեցին ռուս-թուրքական ծրագիրը: Դրա դեմն առնելու համար ի՞նչ պետք է անի Ռուսաստանը: Ռուսաստանը սկսում է խաղալ մարդկանց վախերի և անվտանգային համակարգի հետ: Ամենապարզ ու հեշտ ձևը հարձակումներն են, որոնք սարձազերծվում են այնտեղ, որտեղ իրենք են վերահսկում իրավիճակը: Այսինքն՝ ըստ էության, սրանք Ռուսաստանի կողմից կազմակերպված սադրանքնե՞ր են: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում դրանում: Դա իհարկե Ռուսաստանի ծրագրի մեջ է մտնում, որը մասն է ռուս-թուրքական նախագծի և դա միտված է Հայաստանից նոր զիջումներ ստանալուն: Դրա համար հնարավոր վտանգավոր զարգացումներին պետք է պատրաստ լինել, ուրիշ ճար մենք հիմա չունենք: Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում հետաքրքրված են ռուսական դպրոցներ բացելու հարցով: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ իշխանության մեջ կան անձինք, ովքեր տարիներ առաջ նախանձախնդիր պայքար էին ծավալում ռուսական դպրոցների վերաբացման դեմ: Ես համարում եմ, որ բացարձակ անընդունելի և շատ վտանգավոր գաղափար է: Ըստ էության՝ շարունակվում է  այն քաղաքականությունը, որը մի քանի անգամ կիրառվել է նախկինում: Առաջին անգամ 1903 թվականին բերեց հայ եկեղեցիների և դպրոցների փակմանը, որից հետո սկսվեց հայկական ապստամբություն: Հիմա քչերն են հիշում, որ դա էլ իր հերթին բերեց 1905 թվականի ռուսական հեղափոխությանը, որովհետև հայկական ապստամբությունը շատ մեծ տպավորություն թողեց Ռուսաստանում: Բայց կարևորն այն է, որ այս քաղաքականությունը 200 տարի շարունակ անփոփոխ է մնում, սկզբում Սանկտ Պետերբուրգը, հետո Մոսկվան նպատակ են դրել և հետևողականորեն իրականացնում են: Ես այդ սերնդի ներկայացուցիչն եմ, որը ռուսական կրթություն է ստացել, որովհետև մեր ծնողներին կարողացան խաբել և ցավոք սրտի, 1970-1980-ական թվականներին Հայաստանը գրեթե կորցնում էր իր ազգային նկարագիրը, մենք դառնում էինք զգալի մասով ռուսամոլ հասարակություն, ինչն, իհարկե, մեծ ազգային ողբերգություն էր: Հիմա ռուսաֆիկացումը փորձում են պահպանել Արցախում, որը մենք տեսնում ենք: Հայաստանում ևս կան շրջանակներ, որոնք շատ ավելի են ռուսաֆիկացված՝ Գյումրին, Կապանը: Մենք հասկանում ենք՝ ինչի հետ գործ ունենք: Դա մահացու վտանգ է: Ես հույս ունեմ, որ մեր կառավարությունում այսօրվա ռևերանսները մարտավարական բնույթ են կրում, միգուցե հասկանալով, որ դպրոցների հարցը մեկ օրվա, մեկ ամսվա հարց չէ, տարիներ է տևում, Փաշինյանի կառավարությունը փորձում է ժամանակ շահել: Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ դա կարմիր գիծ է, և շատ վտանգավոր է մոտենալն այդ կարմիր գծին, քննարկելն անգամ: Եթե նույնիսկ մերոնք խոսում են հաճոյանալու և ժամանակ շահելու համար, դա շատ վտանգավոր է, և դա կարծում եմ՝ պետք է անընդունելի լինի նախևառաջ մեր հասարակության համար: Այնքան կարևոր չէ, թե ինչ է ասում կառավարությունը, որքան կարևոր է, թե ինչպես է դրան արձագանքում հասարակությունը: 1970 թվականին Վրաստանը ոտքի կանգնեց, երբ Սովետական հանրապետությունների Սահմանադրությունների մեջ ռուսերենը պարտադիր պետական լեզու էին ուզում գրանցել: Հայաստանն իր մեջ բավական կամք և ուժ չգտավ դրան դիմադրելու, բայց Վրաստանը դիմադրեց և Սովետական Հայաստանի և Սովետական Վրաստանի սահմանադրություններում նման խայտառակություն չգրվեց: Ամոթ կլինի, եթե հիմա դա իրականացվի այսպես կոչված անկախ Հայաստանում: Կարծում եք՝ հասարակության շրջանում դիմադրություն կլինի՞: Ես որպես քաղաքական գործիչ իրավունք չունեմ ասելու՝ հասարակության մեջ ինչ կլինի, ես պարտավոր եմ դա ապահովել: Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հետևողականորեն կպայքարի նման դրսևորումների դեմ և ես կփորձեմ քաղաքական դաշտում և և հասարակության մեջ դաշնակիցներ գտնել: Եթե մենք տեսնենք, որ որևէ քայլ այդ ուղղությամբ արվում է, մենք կմոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները և կընդդիմանանք դրան:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
16-10-2021 22:54