«Արմենիա» փառատոնը դասական երաժշտության սիրահարներին ներկայացնում է ընդգրկուն եւ բազմազան երգացանկ

17-10-2021 00:30

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ հրավիրված համերգի ընթացքում ելույթ ունեցավ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը: Երաժիշտը ծնվել, մեծացել է Ֆրանսիայում, չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է մեծ հաջողություններ գրանցել որպես դաշնակահար: Ժան-Պոլ Գասպարյանն առաջին անգամ է Հայաստանում, նա շնորհակալություն է հայտնում փառատոնի կազմակերպիչներին իրեն հրավիրելու համար եւ հպարտ է մաս կազմել այս հեղինակավոր միջոցառմանը, որին մասնակցում են մեծագույն արտիստներ: Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ կատարելով Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը: Դաշնակահարը նշում է, որ Շոպենը, նրա արվեստը շատ հոգեհարազատ են իրեն, եւ հաճախ է կատարում այս հեղինակի ստեղծագործությունները: Եվ երբ հրավեր ստացավ փառատոնից ու տեղեկացավ, որ նվագելու է կամերային նվագախմբի հետ, անմիջապես մտածեց Շոպեն ներկայացնելու մասին: «Արմենիա» փառատոնի շրջանակում իր կատարումը Ժան-Պոլ Գասպարյանը նվիրեց հայրիկին, որը Երեւանում չէր եւ համերգին հետեւելու էր առցանց տիրույթում: Դաշնակահարը նշում է, որ հայրը ծնվել է Հայաստանում, ծնողների հետ տեղափոխվել Մարսել, հետո՝ Փարիզ, եւ ըստ Ժան-Պոլի՝ հայրը, որ նույնպես երաժիշտ է, երջանիկ է լսել որդու կատարումը Երեւանում: Նշենք նաեւ, որ վաղը Ժան-Պոլ Գասպարյանը «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում վարպետության դաս կանցկացնի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում: Երեկոյի ընթացքում հնչեց նաեւ Էդվարդ Գրիգի «Հոլբերգի ժամանակներից» սյուիտը: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Անտոն Շաբուրովը: Նա նկատում է, որ յուրաքանչյուր փառատոն ունի իր ուրույն դեմքը, «Արմենիան» նույնպես ունի իր սեփական դեմքն ու ձեռագիրը, ինչը դրսեւորվում է ինչպես համերգային ծրագրերում, հրավիրված արտիստների միջոցով, այնպես էլ կազմակերպչական նրբություններում: Մաեստրոն նշում է, որ առաջին անգամ է համագործակցում փառատոնի կազմակերպիչների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) հետ, եւ ուրախ է լինել Հայաստանում, շփվել տարբեր երաժիշտների, տարբեր մշակույթների հետ: Շատ երաժիշտների հետ ծանոթ էին առցանց հարթակներում, եւ ահա «Արմենիա» միջազգային փառատոնը, շնորհիվ EUFSC-ի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, նրանց իրականում շփվելու, ծանոթանալու հնարավորություն է տալիս: Փառատոնի երկացանկն ընդգրկուն է եւ բազմազան՝ արեւմտաեվրոպացի, ռուս, հայ դասական կոմպոզիտորներից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր (Մոցարտ, Բեթհովեն, Չայկովսկի, Պրոկոֆեւ, Բրամս, Դվորժակ, Բորոդին, Բիզե, Սարյան, Շաքարյան, Շոր, Մանսուրյան եւ այլք): Փառատոնի շրջանակներում միահյուսվում են տարբեր դարաշրջանների երաժշտական ոճեր՝ հայ ունկնդրին ներկայացնելով ամենաբարձր կատարողական վարպետությամբ:

Lragir.am,
17-10-2021 00:30