Ալիեւը եռյակի բութ գործիք․ ինչ էր նշանակում նրա ելույթը Հայաստանի ու Իրանի դեմ

17-10-2021 00:48

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրել է նարկոթրաֆիկի, այսպես կոչված «Ադրբեջանի օկուպացված տարածքներում թալանի, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու» եւ այլնի մեջ: Նկատելի է Ալիեւի փորձը՝ հայելային մեղադրանքներ ներկայացնելու ոչ միայն Հայաստանին, այլեւ արդեն  Իրանին՝ այսպիսով Հայաստանն ամուր «կապելով» Իրանին, որը վերջին շրջանում կտրուկ հայտարարություններ է անում Մոսկվա-Անկարա ծրագրերի դեմ, դրանց ամուր կապելով նաեւ Իսրայելին: Հատկանշական է, որ խոսելով տարածաշրջանում աշխարհքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, Իրանը նկատի ունի ոչ միայն ՀՀ Սյունիքի մարզը, այլեւ Արցախի հարավային տարածքները, նշելով Արցախի օկուպացված տարածքներում ահաբեկիչների ու «սիոնիստական ռեժիմի» ներկայության մասին:   ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքը տեսակոնֆերանսի ռեժիմում   Կասկած չկա, որ Ալիեւի այս ելույթը կապված է հենց այդ հանգամանքի հետ, քանի որ Իրանի գործոնը լուրջ խոչընդոտ է եռյակի ծրագրերին: Ընդ որում, Իրանը տարածաշրջանում հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցադրումներ է անում Ռուսաստանին՝ կոչ անելով հստակեցնել դիրքորոշումը: Հասկանալի է, որ Մոսկվան չի կարող բացահայտ հայտարարել, որ ինքն է Հայաստանի դեմ այս ծրագրերի նախաձեռնողն ու առաջնորդողը: Հասկանալի է նաեւ, որ Իրանը քաջատեղյակ է այդ հանգամանքին: Ռուսաստանին հարցադրման առաջ կանգնեցնելով՝ Իրանը «քանդում է կծիկը»՝ որոշակի դիրքեր ամրացնելով: Ռուսաստանի կողմից պատասխանում է Ալիեւը, ոը վաղուց ոչ միայն Մոսկվայի, այլեւ Թուրքիայի եւ Իսրայելի հատկապես կեղտոտ հարցերով խոսնակն է: Ռուսական պաշտոնական քարոզչության շեշտադրումները դրանում որեւէ կասկած չեն թողնում: Եռյակի գործիք Ալիեւն օգտագործվում է լիուլի՝ նա գիտե, թե ինչպես եւ ում միջոցով է ձեռք բերվել «հաղթանակը», այդ թվում՝ ռազմական հանցագործությունների միջոցով: Իրանը կոշտ արձագանքել է Ալիեւի այս ելույթին: Իրանական համացանցում ակնարկներ են արվում Բաքվի՝ պետական մակարդակով նարկոթրաֆիկին ներգրավվածության մասին: Այս հանգամանքը նույնպես էական է, նկատի առնելով ռուսական համացանցում այս թեմայով ԱՀԾ նախկին բարձրաստիճան սպաների բացահայտումները ԱՊՀ երեք երկրների վերաբերյալ:

Lragir.am,
17-10-2021 00:48