Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել են Արցախի անվտանգության հարցեր

17-10-2021 13:00

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի ժողովրդավարական» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին: Այս մասին տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» խմբակցության ֆեյսբուքյան էջից: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգության, սոցիալական պաշտպանության ապահովմանը, ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընդդիմադիր գործիչները ընդգծել են, որ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի: Հաշվի առնելով ՀՀ և ԱՀ անվտանգային մարտահրավերներին իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը, կողմերը պայմանավորվել են խորացնել ընդդիմադիր խմբակցությունների միջև առկա համագործակցությունը հերթական ոչ հայանպաստ օրակարգերի և պայմանավորվածությունների խափանման նպատակով: ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները կշարունակեն միջխորհրդարանական և այլ հարթակներում քննարկումները Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման, գերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու, վերջին պատերազմի հետևանքով տուժածների սոցիալական վիճակի բարելավման և այլ խնդիրներին լուծումներ տալու շուրջ:

Lragir.am,
17-10-2021 13:00