Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքը կունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան

26-10-2021 00:36

Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 24,868.1 հազար դրամ կհատկացվի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում գտնվող շուրջ 4.5 հա մակերեսով հողամասի և շուրջ 15,500 քմ ընդհանուր մակերեսով թվով 13 շենք-շինությունների ձեռքբերման նպատակով: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին որոշումն ընդունվեց  հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: Որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 41 անդամ: Ե՛վ իրավական, և՛ շինարարական, և՛ նախագծային նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքն ունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան: Ավագանու անդամները նշեցին, որ այդ տարածքում չորրորդ կարգի վթարային շենքեր կան, որոնք պետք է քանդվեն:

Lragir.am,
26-10-2021 00:36