Մտահոգվելու շատ լուրջ առիթ կա, և դա իշխանության բացակայությունն է

Մեր զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաք են անում և կոչ են անում համախմբվել: Ինչպե՞ս եք գնահատում սա, ընդհանրապես, որևէ հեռանկար ունի՞ նրանք այս նախաձեռնած պայքարը: Հեռանկար կարող է ունենալ, եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը շարունակի չշփվել, հաշվետվություն չտալ հասարակությանը, քաղաքացիներին և իշխանության գործընկեր իր թևերին ու համակիրներին: Եթե հաշվետվություն, պարզաբանումներ չլինեն, ցանկացած որևէ ուժ, որ հայտ կներկայացնի քաղաքացիների սիրտը շահելու համար, կշահի: Այսինքն դա կարևոր պայման է, որ միակողմանի մի ուժ պայքարում է, իսկ ուժը, որ իշխանություն ունի, այդ ուժը թաքնված է, բացակայում է, ասպարեզում չկա: Հայաստանի քաղաքական հարթակում իշխանությունը բացակայում է: Իհարկե, բյուրոկրատական ինչ-որ բաներ արվում են, բայց քաղաքականությունը բացակայում է, և ես կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ ՀՅԴ-ն իր այս ակցիայով սթափեցնի, մրցակցային մթնոլորտ ստեղծի և դրդի, պարտադրի իշխանությանը մտնել քաղաքական հարթակ, մտնել պայքարի մեջ, բացատրել, բացատրվել, ծրագրեր մշակել, գործընկերներ փնտրել ազատ մնացած ուժերի մեջ, վերջապես քաղաքականությամբ զբաղվել: Ցավոք սրտի, այսօր իշող ուժը չի զբաղվում քաղաքականությամբ, զբաղված է բյուրոկրատիայով: Այսինքն ՀՅԴ այդ ակցիան կարող է և օգտակար լինել: Մամուլում հրապարակվեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղ են ստորագրելու: Մեկը վերաբերելու է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելուն, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների քարտեզները: Երկրորդը վերաբերելու է ճանապարհ-միջանցքների ապաշրջափակմանը: Արդյոք այստեղ լուրջ վտանգներ չկան: Մտահոգվելու շատ լուրջ առիթ կա, և դա իշխանության բացակայությունն է: Դա չափազանց մտահոգող է, անհանգստացնող է, մանավանդ հաշվի առնելով, որ մի քանի քաղաքական քայլեր կան իշխանության կողմից, որոնք խիստ անհրաժեշտ ու օրակարգային են: Օրինակ, օրենք կուսակցությունների մասին: Վերջին հաշվով իշխանությունը պետք է պայմաններ ստեղծի, որ իր դեմ պայքարող ուժերը լինեն կառուցողական, չլինեն «մարադյորներ», լինեն քաղաքական ուժեր, որոնք ծառայում են ՀՀ շահերին: Դա կարող է արվել կուսակցությունների մասին ճիշտ օրենքի ընդունումով: Քանի դեռ իշխանությունը դա կարող է անել ԱԺ-ում, անցկացնել լավ օրենք կուսակցությունների մասին, այսինքն խոշորացնել կուսակցություններին, գրանցման կարգը փոխել, ֆինանսավորման կարգը փոխել: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ունեն անպայման մրցակցի կարիք, մրցակցային մթնոլորտ ստեղծելու կարիք ունեն իրենց թիմը թարմացնելու համար, երկիրն առաջ տանելու համար: Իսկ այսօրվա ռոբերտական ընդդիմությունը մեծ մասշտաբով մրցակից չէ, քաղաքական չէ, մանավանդ 44-օրյա ռազմական գործողություններից հետո ավելի շատ դա քաղաքական դիակապտողների, «մարադյորների» «քաղաքական» ուժ է: Ուրեմն իշխանությունը պետք է դուրս գա ասպարեզ, բացատրություններ տա, ներգրավի հասարակությանը, իր կողմնակիցներին ասպարեզ հանի, բայց ոչ թե сам дурак սկզբունքով, անընդհատ պատասխան տալով, սևերով խաղալով, երկրորդը լինելով, այլ առաջ անցնի, նախաձեռնություն հանդես բերի և մրցակցային մթնոլորտ ստեղծի քաղաքական ծրագրերի, քաղաքական գործողությունների շուրջ, որ Հայաստանում լինի քաղաքական դիսկուսիա, բանավեճ, պայքար, և թող հաղթի լավ ուժը, լավ ծրագիրը և Հայաստանը շարժվի առաջ: Կարճ ասած, ես առաջարկում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բունկերից դուրս գա և ներկայանա գոնե իր կողմնակիցներին, իսկ ընդհանրապես, հասարակությանը: Ըստ էության, ոչ մի պարզաբանում չի տրվում՝ այդ երկու փաստաթուղթը ստորագրվելու են, թե ոչ: Ամեն ինչ, կարծեք թե, հասարակության թիկունքում է արվում: Այդ փաստաթղթերը շատ հնարավոր է՝ կեղծ են, այսինքն իրականության հետ կապ չունեն: Բայց եթե նույնիսկ չլինեն այդ փաստաթղթերը, պետք է երկրի առաջիկա ծրագրերի մասին բացատրություններ տրվեն: Այս պատերազմը մեծ զոհողությունների գնով ցույց տվեց, որ մեր ժողովուրդը հայրենասեր է, քաղաքականացված ժողովուրդ է, ըմբռնումով մոտեցող ժողովուրդ է: Հասկանալի է, որ կան ռազմական գաղտնիքներ, որոնք բացահայտման ենթակա չեն, բայց կա քաղաքական մեծ գործընկերություն ժողովրդավարական երկրում, և այդ գործընկերության շրջանակներում պետք է բացատրել՝ թուղթ կա, թե չկա, ինչ թուղթ է: Կամ ասի՝ կա թուղթ, և եթե դուք ինձն վստահում եք, ես դա կստորագրեմ: Վերջին հաշվով ասի՝ ինչ է անում, որովհետև չասելը, լռելը, հեռանալը երկու վատ բան ունեն. Նախ, եթե չի ասում, նշանակում է՝ այդ փաստաթղթերը մեր շահերից չեն բխում, երկրորդ, իշխանության տերը, իշխանության աղբյուրը արհամարհված է: ՀՀ քաղաքացին է արհամարհված: Ես ինչո՞ւ պետք է ուրիշ տեղից դա իմանամ, ինչու պետք է հակառակորդը ասի: Ես հակառակորդից չեմ ուզում լսել: Ոչ միայն քաղաքական հակառակորդը, այլ թշնամի պետության ղեկավարն ու մամուլն ավելի շատ հայտարարություններ են անում մեր մասին, քան մեր երկրի ղեկավարությունը, ինչը լավ չի: Ես հույս ունեմ, որ իշխանությունը կհասկանա և այս քանի օրը կանի դա:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
26-10-2021 23:35