Մոսկվան չի հավատում, որ Թուրքիան կգնար նման քայլի

«Մենք իսկապես առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացմանը», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու սարքերի մատակարարումը: Նախօրեին, ըստ ուկրաինական զլմ-ների, Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ռուսական հրետանային կետի դեմ կիրառել են «Բայրաղթար» հետախուզական և հարվածային անօդաչու համակարգը: Ռուսաստանը Դոնբասի ներկայացուցիչների հետ ստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաղթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Սկզբունքորեն, պատմությունը, իհարկե, պետք է ստիպի մտածել բոլոր նրանց, ովքեր հավանություն են տալիս Ուկրաինայի քմահաճ պահանջներին այն մասին, որ նա վաղը պետք է ընդունվի ՆԱՏՕ: Եվ, իհարկե, ստիպել մտածել նրանց, ովքեր զինում են Կիևի ռեժիմը, որը վերահսկվում է նեոնացիստների կողմից», ասել է նախարարը: Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Կիևին զենք մատակարարելու մասին պայմանավորվածություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ: «Մենք անօդաչու սարքեր ենք վաճառում նրանց, ովքեր մեզ դիմում են.. Այս գործարքը [Ուկրաինայի հետ] Ռուսաստանի դեմ չէ», վստահեցրել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Ռուսաստանը նույն բանը ասում էր Հայաստանին, երբ Երևանից բողոքներ էին հնչում, թե ինչպես Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կարող է ժամանակակից հարձակողական զենք վաճառել Հայաստանի հակառակորդին: Սա ուղղակի բիզնես է, ասում էին Մոսկվայում: Մոսկվան նաեւ չի խոսել այն մասին, որ Հայաստանի դեմ «Բայրաղթար» է կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ: Հայաստանի դեմ կարելի էր, իրենց դեմ՝ ո՞չ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
27-10-2021 17:35