Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել

Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստում չի ընդունել «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի մասին» հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը հայտարարել է, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, «քանի որ տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ»: Հայտարարությունը պարունակում է մի քանի կարևոր կետեր, որոնք ընդունվելու դեպքում կարող էին դառնալ դիմադրության շարժման սկիզբը: Մասնավորապես նշվում է Արցախի Հանրապետության տարածքի օկուպացումը և Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Նշվում է նաև, որ «սահմանների որոշումը սահմանամերձ պետությունների բացառիկ իրավասության տակ է, իսկ սահմանները որոշվում են միջազգային իրավունքի հիման վրա կառուցված համաձայնագրերի միջոցով՝ ՄԱԿ-ի 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի՝ ուժով կամ ուժի սպառնալիքի տակ գծված սահմանները համարվում են անվավեր»: Սա չափազանց կարևոր հայտարարություն է, որն անուղղակի (խորհրդարանական ուժերը դեռ չեն համարձակվում ուղիղ հայտարարել) ասում է, որ Բաքու-Մոսկվա-Երևան եռակողմ ձևաչափը, ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել: Հայտարարության մեջ նշվում է Արցախի տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությունը՝ որպես «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայման»: Այսպիսով հայտարարության հեղինակները մերժում են եռակողմ ձևաչափը և պատերազմի արդյունքները որպես կարգավորում և «խաղաղություն» ամրագրելու մտադրությունը: Հայտարարության հեղինակները կոչ են անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ, ըստ որի Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա բացառապես հանրաքվեի միջոցով: Մեջբերվում է նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն աջակցում է ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և չի կարող ընդունել որևէ փաստաթուղթ, ըստ որի ԼՂՀ-ը կարող է մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Հայտարարության հեղինակները հրաժարվում են «հիմք ընդունել ցանկացած քարտեզով սահմանված սահմանները»: Այսինքն՝ այն քարտեզները, որոնց մասին խոսել է Պուտինը, չպետք է ճանաչվեն: Ամբողջ հայտարարությունը գրված է եզոպոսյան կոչով՝ հրաժարվել Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափից և հարցերը լուծել կամ երկկողմ ձևաչափով, կամ միջազգային կառույցների հովանու ներքո: «Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող ոչ մի անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնություն տալ՝ խախտելով Հայաստանին և Արցախին վերաբերող վերը նշված իրավական նորմերը: Ցանկացած նման պայմանագիր կհամարվի անվավեր», ասված է հայտարարության մեջ: Ըստ երևույթին, հենց սա է իշխող ՔՊ-ն համարում «ընդդիմադիր նարատիվ», թեև հենց այս դրույթը պետք է դառնա Հայաստանի ազգային-պետական ​​ռազմավարության հիմքը: Այս առումով տրամաբանական են հնչում կոչերը ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ բանակցություններից, գրավոր կամ բանավոր համաձայնագրերից, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրության պահանջներին և Անկախության հռչակագրում արտահայտված հայ ժողովրդի հավաքական կամքին: Այն, որ իշխող կուսակցությունը տապալել է հայտարարության ընդունումը, վկայում է, որ այն մտադիր է իրականացնել «Սահմանադրությանը, Անկախության հռչակագրին, հայ ժողովրդի հավաքական կամքին հակասող քայլեր»: Պատրա՞ստ է արդյոք ընդդիմությունը բոլոր հնարավոր ձևերով պաշտպանել հայտարարության մեջ ամրագրված դիրքորոշումը՝ հրապարակային մերժել եռակողմ ձևաչափը և պահանջել հայտարարությունում նշված որոշումների կատարումը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
27-10-2021 23:54