Անրի Վերնոյի հոբելյանին անցկացվելիք գիտաժողովը Հայաստան կբերի կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից

27-10-2021 23:24

Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակի առթիվ Երևանում հոկտեմբերի 29-31-ը տեղի կունենա «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայում, պահպանություն, հանրայնացում» խորագրով եռօրյա գիտաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգտագործելով Անրի Վերնոյի ժառանգությունը և խորհրդային շրջանի ազգային կինոհետագիծը որպես ելակետներ՝ գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալ այս երկակի երևույթներին՝ որպես ազգային կինոյի դրսևորումներ, որոնք այսօր արդիական մոտեցման ու մեկնաբանության կարիք ունեն համաշխարհային կինոպատմության համատեքստում: Անրի Վերնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործական ուղին ծավալվել է Ֆրանսիայում: Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական  թրիլերներ:  Վերնոյը հայկական թեմատիկային դիմել է իր ռեժիսորական կարիերայի մայրամուտին՝ 1991-ին ստեղծելով իր հանրահայտ ինքնակենսագրական մելոդրաման՝ «Մայրիկը», որը դարձավ նաև սփյուռքահայ կինոպատկերագրության նշանակալի գործերից մեկը: Վերնոյի ստեղծագործական ուղին նման է այլ սփյուռքահայ կինոգործիչների անցած ճանապարհին, որոնք օտարության մեջ կենդանի են պահել հայկական մշակույթը: Ազգային կինոժառանգություն ձևավորելու ցանկությունը հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո մեծապես սահմանափակել է տարածաշրջանային կամ սփյուռքի կինոժառանգության դիտարկումը որպես 20-րդ դարի միջազգային կինոյի  մաս: Հայաստանի նման երկրներում արտադրված ֆիլմերը հաճախ դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների և փառատոնների շրջանակներից, ինչը զգալիորեն սահմանափակում է դրանց վերականգնման, հասանելիության և ավելի լայն շրջանառության հնարավորությունները: Այս գիտաժողովը փորձելու է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից: Եռօրյա գիտաժողովը կանցկացվի անգլերեն և հայերեն՝ համաժամանակյա  թարգմանությամբ: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա հատուկ հանդիպում-զրույց Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ, կկազմակերպվի Վերնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն և կցուցադրվի նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» (Weekend at Dunkirk) պատերազմական թեմատիկայով ֆիլմը: Գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով: Անրի Վերնոյ-Աշոտ Մալաքյանի հիշարժան հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց կարևոր իրադարձությունների օրացույցում: Գիտաժողովի ծրագրին և ժամանակացույցին կարելի է  ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://ncca.am/hy/news/tidings/503-azgayin-kino-hamamardkayin-jarangutyun

Lragir.am,
27-10-2021 23:24