Հայաստանի լրագրողները կմասնակցեն Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարին

28-10-2021 08:03

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-ից 30-ը Վրաստանի  մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին: Միջոցառմանը, որն անցկացվելու է 2-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Լիտվիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից: Թիմերը բաժանված կլինեն երկու խմբերի, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված կլինեն տարբեր խմբերում եւ կկարողանան մրցել միայն եզրափակչում: Յուրաքանչյուր հանդիպում կտեւի 20 րոպե: Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան է: Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է: Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողները վերջերս 2-րդ տեղն են գրավել Դրուսկինինկայի հեղինակավոր մրցաշարում: Հայկական թիմի ելույթներին հնարավոր կլինի հետեւել առցանց հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով՝ https://www.facebook.com/armmediateam/:

Lragir.am,
28-10-2021 08:03