Թե ինչ է նշանակում քաղաքացիական պատերազմը Վրաստանում, կարծում եմ՝ Հայաստանում դա ոչ միայն հասկանում են, այլ նաև հիշում են

Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն Պարոն Վասաձե, Վրաստանում հոկտեմբերի 30-ին տեղի է ունենալու ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: Ի՞նչ ակնկալիքներ կան երկրորդ փուլից: Տեսակետ կա, որ Միխայիլ Սաակաշվիլիի վերադարձի հանգամանքը հիմնավորապես փոխել է այդ երկրում ներքաղաքական իրավիճակը: Սաակաշվիլին արդեն փոխել է և փոխում է քաղաքաիան իրավիճակը: Հիմա գլխավոր հարցը, որ բոլորը բոլորին տալիս են և իշխանությունում, և ընդդիմությունում, և հասարակության մեջ, Սաակաշվիլիի կյանքի ու մահվան հարցն է: Նա իրապես զոհաբերում է իրեն և այսօր իշխանությունը որոշում է՝ սպանել նրան, թե գնալ զիջման: Սպանելը սարսափելի է, զիջելը էլ ավելի սարսափելի է, որովհետև այդ զիջումը կարող է նրանց համար իշխանության կորուստ արժենալ: Իսկ եթե չզիջեն, ողբերգական հանգուցալուծումը կարող է հանգեցնել անկանխատեսելի իրադարձությունների ոչ միայն իշխանության, այլ նաև ամբողջ երկրի համար: Հետևաբար, ընտրությունների երկրորդ փուլն անկասկած կարևոր իրադարձություն է, բայց այսօր խոսքը ընտրությունների մասին չէ: Իրավիճակը շատը բարդ է, անգամ չեմ կարողանում նման որևէ բան հիշել: Սպառնալիքի տակ է ոչ թե պարզապես Վրաստանի երրորդ նախագահի  կյանքը, սպառնալիքի տակ է երկրում քաղաքացիական խաղաղությունը: Ընդդիմադիրների միավորումը և կոալիցա կազմելը ինչ իրավիճակ կարող է ստեղծել՝ հաշվի առնելով, որ Սաակաշվիլիին միացել է նաև Նինո Բուրջանաձեն: Դեռ մի քանի օր առաջ ընդդիմությունը չէր հավատում Սաակաշվիլիի՝ մինչև վերջ գնալու պատրաստակամությանը, իսկ հիմա բոլորն են դա հասկացել և, իհարկե, միավորվել են: Այս փոփոխությունները Վրաստանում որքանով ունեն ռեգիոնալ նշանակություն: Ինչպիսի նշանակություն կարող են ունենալ Հայաստանի համար: Կարծում եմ՝ Հայաստանին դա առնչվում է ամենաուղղակի ձևով: Թե ինչ է նշանակում քաղաքացիական պատերազմը և ապակայունացումը Վրաստանում, իհարկե Աստված չանի, բայց կարծում եմ՝ Հայաստանում դա ոչ միայն հասկանում են, այլ նաև հիշում են:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
28-10-2021 11:25